Ալիեւը «սեւ օրվա» մասին. Ովքեր են պատրաստվում հարվածի


Ալիեւը «սեւ օրվա» մասին. Ովքեր են պատրաստվում հարվածի

  • 26-10-2020 18:05:30   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքական F 16 օդանավերը Գաբալայի ավիաբազայում, մի քանի օր առաջ
Եթե Ադրբեջանի հանդեպ ագրեսիա լինի, ապա կարող են օգտագործվել նաեւ թուրքական F 16 կործանիչները, հայտարարել է Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւը:
 
Ալիեւի հայտարարությունն առերեւույթ կարող է վերաբերել միայն Արցախի եւ Հայաստանի հետ պատերազմին, խորքային առումով սակայն Ալիեւը փորձում է ապահովագրվել հակաահաբեկչական միջազգային գործողություններից:
 
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների մասնակցության տվյալներ: Նա կասկած է հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ-ն ստանալով այդ տվյալները, չի փոխանցել դրանք Ալիեւին, ով շարունակում է հերքել ահաբեկիչների մասնակցությունը:
 
Կասկածն առաջին հայացքից ծիծաղելի է: Ռուս պատգամավորը հազիվ թե մտածի, թե Ալիեւը տեղյակ չէ ահաբեկիչներից: Նա պարզապես ակնարկում է, որ Ալիեւը չի տիրապետում իրավիճակին, եւ Ադրբեջանի ՊՆ-ն հաշվետու չէ Ալիեւին: Ընդ որում, ռուսական կողմը դրա մասին ոչ պակաս թափանցիկ ակնարկել էր նաեւ հետախուզական տվյալներ ներկայացնելով, որ Արցախի դեմ գրոհը Բաքվից ղեկավարել են Թուրքիայի պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքի հրամանատարը:
 
Այլ կերպ ասած, Ռուսաստանն առաջ է մղում միտքը, որ Ալիեւը չի տիրապետում Ադրբեջանում իրավիճակին: Իսկ դրան արդեն կարող է հաջորդել նաեւ դրանից բխող որոշումը՝ հակաահաբեկչական գործողություն Ադրբեջանի հանդեպ, որտեղ կառավարությունը չի տիրապետում իրավիճակին:
 
Զուգահեռ, Իրանն իր հյուսիսային սահմանին լայնածավալ զորավարժանք է իրականացրել, հայտարարելով, որ պատրաստ է կանխել երկրի տարածքային ամբողջության հանդեպ ցանկացած ոտնձգություն: Հասկանալի է, որ Իրանը երկրի հյուսիսային սահմանին զորք եւ սպառազինություն է մոտեցրել ոչ միայն ապահովագրվելու համար ընկնող հրթիռներից կամ անօդաչուներից:
 
Իրանը ցույց է տվել հակահարվածի կամ կանխարգելիչ հարվածայի մտադրություն: Այլ կերպ ասած, Իրանը եւս նախապատրաստվում է Ադրբեջանի հանդեպ հնարավոր հակաահաբեկչական գործողության:
 
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ Նահանգների եւ օտարերկրյա քաղաքացիների հանդեպ ահաբեկության ու առեւանգումների հավաստի սպառնալիքներ է ստացել: Այլ կերպ ասած, Վաշինգտոնը եւս հայտարարել էր, որ Բաքվում ահաբեկչական իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, ինչը եւս մի քար կարող է լինել Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական միջազգային մթնոլորտի ձեւավորման գործընթացում:
 
Ալիեւը պատրաստվում է այդ «սեւ օրվան», առայժմ հայտարարելով, թե կպաշտպանվի թուրքական կործանիչներով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն