Մի քանի ամիս տրված ժամանակն այն բանի համար է, որ ապրանքների նոր խմբաքանակներ չբերվեն Թուրքիայից


Մի քանի ամիս տրված ժամանակն այն բանի համար է, որ ապրանքների նոր խմբաքանակներ չբերվեն Թուրքիայից

  • 26-10-2020 18:22:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում թուրքական ապրանքները հայկական և այլ երկրների արտադրանքով փոխարինելու գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով այս ոլորտում տեղի ունեցող զարգացումներին։
 
Նրա խոսքով՝ հայ ներկրողները պետք է իրենց հայացքն ուղղեն այլ շուկաներ։ Մի քանի ամիս տրված ժամանակն այն բանի համար է, որ և ապրանքների նոր խմբաքանակներ չբերվեն Թուրքիայից, և մարդիկ սկսեն մտածել այլ աղբյուրների մասին։
 
Հիշեցնենք, որ Արցախում տեղի ունեցող պատերազմին զուգահեռ Հայաստանի կառավարությունը որոշեց այս տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելել թուրքական ծագման բոլոր տեսակի ապրանքների մուտքը Հայաստան։ Այս որոշումը թուրքական ապրանքների առք ու վաճառքով զբաղվողների մոտ դժգոհություն ու անհանգստություն է առաջացրել։ Գագիկ Մակարյանն ասում է, որ բացը կարելի է լրացնել տեղական արտադրությամբ ու այլ երկրներից ներկրումների միջոցով։
 
Թուրքական ապրանքների խումբն, ըստ Մակարյանի, առանձնահատուկ է նրանով, որ շատ բազմազան է։ Հայաստան ներմուծվում է մի քանի հազարի հասնող թուրքական ապրանքատեսակ։
 
Ըստ Մակարյանի՝ տրամաբանական է այն, որ որոշվում է դեկտեմբերի 31-ից սահմանել այս սահմանափակումը։ «Դա ժամանակ է, որ բերված ապրանքները վաճառվեն, նորը չներկրվի։ Եվ հաջորդ տարին արդեն պետք է սկսենք առանց թուրքական ապրանքների»,- ասաց նա։
 
«Եթե բաժանենք մի քանի ոլորտների, տեքտսիլի ոլորտը մի բլոկ է, որի մեջ մտնում է հումքը և պատրաստի արտադրանքը։ Երկրորդ բլոկը շինարարական ապրանքներն են, երրորդը՝ կենցաղային ապրանքները, չորրորդ խումբը՝ պարենային ապրանքները, ցիտրուսներն են։ Շինարարական նյութերի մասով, իմ կարծիքով, Հայաստանը պետք է գնա այն ճանապարհով, որ փորձի ինքը լրացնել բացը, որովհետև շինանյութի արտադրությունը մեզ մոտ զարգացել է, նախկին վիճակը չէ, երբ ստիպված էինք ամեն ինչ ներկրել։ Այս ոլորտում մեզ կարող են պակասել միայն շինարարությանն առնչվող հարակից նյութեր, որոնք չեն արտադրվում Հայաստանում։ Բայց այդ ապրանքների մի մասը կարելի է  ներմուծել նաև Իրանից»,- նշեց նա։
 
Ցիտրուսներն ու պարենամթերքը կարելի է ներմուծել այլ երկրներից, հրուշակեղենի ոլորտում բացը հնարավոր է ամբողջովին լրացնել հայկական արտադրանքով։
 
«Ինչ վերաբերում է կենցաղային սարքերին, սա մի փոքր բարդ հարց է։ Երևի պետք է փորձել այդ թվում նաև ԵԱՏՄ երկրներից ներկրել։ Բայց նաև պետք  փորձել հավաքման արտադրություններ կազմակերպել Հայաստանում։ Եվ այդ տեսանկյունից կենցաղային ապրանքների շուկայում խնդիրը մի փոքր կարող է ձգձգվել, փոխարինող խումբ միանգամից չի լինի։ Ինչ վերաբերում է հագուստին, մենք այստեղ հումքի խնդիր ունենք, և այդ կտորեղները պետք է փորձել բերել Ռուսաստանից, Տաջիկստանից կամ այլ երկրներից, ինչը կարող է մի փոքր խնդրահարույց լինել գնային  առումով։ Բոլոր դեպքերում, մի քանի ամիս կպահանջվի այս աշխատանքների համար։ Իմ կարծիքով՝ տեղական արտադրությունները կազմակերպելը և ներմուծման նոր աղբյուրներ գտնելը բոլորը միասին վերցված մինչև մեկ տարի կարող է երկարել»,- նշեց նա։
 
Մակարյանի խոսքով՝ հայ ներկրողները կարող են դիտարկել նաև չինական շուկան։ «Բացի դա, նաև Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Մալազիայի և այլ երկրների ապրանքները կարող են ներկրել Հայաստան», հավելեց նա։

 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

Lragir.am

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը