Սերեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ներկայացրել` կոչ անելով կանխել հայ ժողովրդի դեմ հանցագործությունները


Սերեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ներկայացրել` կոչ անելով կանխել հայ ժողովրդի դեմ հանցագործությունները

  • 26-10-2020 19:00:40   | Հունաստան  |  Հասարակություն

 
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է Սերեսի քաղաքային խորհրդի բանաձևը, որում ասվում է․
 
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա առաջին գրոհից երեք շաբաթ անց, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված «հրադադարի» վերաբերյալ պայմանագրից գրեթե 15 օր անց, թուրք-ադրբեջանցիների փոքրոգի հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ մեծ ինտենսիվությամբ դեռ շարունակվում են:
 
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից զանգվածային հարձակումը նոր սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար` վտանգավոր հետևանքներով բոլորի համար:
 
Սերեսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը, հաշվի առնելով Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների պատմական, բարեկամական առնչությունները,
 
• իրենց համերաշխությունն են հայտնում փորձություններ ապրող հայ ժողովրդին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները և այն պայքարը, որը մենք այսօր տանում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար.
• դատապարտում են թուրք-ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա.
• դատապարտում են Թուրքիայի ներգրավվածությունը, որը խթանում է լարվածությունը տարածքում.
• կոչ են անում միջազգային հանրությանը (Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին)՝ ստանձնել ցանկացած նախաձեռնություն՝ անհապաղ դադարեցնելու կրակը և կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները.
• իրենց նվիրվածությունն են հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին:
 
Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է՝
• լուսավորել Սերեսի քաղաքապետարանի շենքը Հայաստանի դրոշի գույներով.
• բարձրացնել հայկական դրոշը Սերես քաղաքի Ազատության Հրապարակում՝ Հունաստանի դրոշի կողքին:
 
Քաղաքային խորհրդի նախագահ՝ Կատիրձողլու Վասիլեոս»։
Նոյյան տապան  -   Հասարակություն