Անկարա-Բաքու մեխանիզմը մաշվում է. Մոսկվայի հարվածներն ու Իրանի զորքը սահմանի երկու հատվածներում


Անկարա-Բաքու մեխանիզմը մաշվում է. Մոսկվայի հարվածներն ու Իրանի զորքը սահմանի երկու հատվածներում

  • 27-10-2020 14:12:59   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակառակորդը հրթիռակոծել է Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ, պատասխան ու կանխարգելիչ հարվածներ են հասցվել:
 
Նախօրեին սոցցանցերում տեղադրվել են Հայաստանի սահմանի հարավային ուղղությամբ ռուսական զորական ճամբարի տեղակայման լուսանկարներ:
 
Ընդհանուր առմամբ, իրադրության առումով խնդիրը թերեւս հետեւյալն է. սա Թուրքիայի հրհրած պատերազմն է Կովկասում, որ վարվում է ուղղակիորեն Հայաստանի դեմ:
 
Ռուսական ռազմական շրջանակներին մոտ Տելեգրամ ալիքները հայտնեցին, որ նախօրեին ռուսական օդատիեզերական ուժերը հարված են հասցրել Իդլիբում թուրքամետ գրոհայինների շտաբին, կան տասնյակ զոհեր:
 
Ռուսաստանը Կովկասում հայտարարված պատերազմին պատասխանում է Իդլիբում, զերծ մնալով Կովկասում ուղիղ պատասխանից: Սակայն, թուրքական պլանավորումը զերծ չի մնում Հայաստանի սահմանները շոշափելուց, շատ լավ պատկերացնելով, որ դա նշանակում է շոշափել ռուսական նյարդը, քանի որ Հայաստանի դեմ գործողությունը նշանակում է գործողություն Ռուսաստանի դեմ՝ համաձայն հայ-ռուսական ռազմավարական պայմանագրի, նաեւ համաձայն ՀԱՊԿ պայմանագրի:
 
Թուրքիան փորձում է ուղիղ ներքաշե՞լ Ռուսաստանին, Ադրբեջանում իր ներգրավվածությունը «լեգիտիմացնելու» համար: Անկարան հայտարարել է, թե Ադրբեջանին հարվածը կդիտարկի հարված Թուրքիային: Թուրքիան սկսել է պատերազմ Ադբեջանի տարածքից, սակայն ունի իր մասնակցության լեգիտիմացման խնդիր: Լեգիտիմության բացակայությունը թե Անկարայի, թե Բաքվի համար խնդրահարույց է եւ բերում է որոշակի սահմանափակումների:
 
Չի բացառվում, որ այդ լեգիտիմությունն անհրաժեշտ է, քանի որ ադբեջանական զինուժն ունի մեծաթիվ կորուստ, եւ Թուրքիայի համար այլեւս սպառվում է այդ զինուժի թիկունքում ծպտված պատերազմի հնարավորությունը: Թուրքիան ստիպված է բացվել, բայց դրա համար պետք է «լեգիտիմ» պատճառ: Անկարան փորձում է «փնտրել» այն Հայաստանի սահմանների մատույցներում, միաժամանակ որպես նվազագույն արդյունք դիտարկելով Ռուսաստանին ու նաեւ Իրանին շանտաժի միջոցով իր պայմանների շուրջ գործակցության բերելու հնարավորությունը:
 
Իդլիբում շարունակվող ռուսական ավիահարվածներն ու հյուսիսային սահմանին Իրանի հատուկ զորքերի եւ սպառազինության տեղակայումը վկայո՞ւմ է, որ Մոսկվան ու Թեհրանը առայժմ մերժում են թուրքական պայմաններով գործակցելու տարբերակը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն