Վիճակը կարելի է փոխել եւ բեկում մտցնել. Վազգեն Մանուկյանի փորձը


Վիճակը կարելի է փոխել եւ բեկում մտցնել. Վազգեն Մանուկյանի փորձը

  • 27-10-2020 18:19:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ նախկին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել, իշխանության կողմնակիցները համարում են անգամ հեղաշրջման կոչ ու դավաճանություն:
 
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան: Իրավիճակը կարելի է փոխել, բեկում մտցնել, որի համար պետք է կառավարությունն անցնցում հրաժարական տա, եւ իշխանությունը պետք է անցնի բանակին, որը «պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ»։
 
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը հետեւել է Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթին, որը ծանր տպավորություն է թողել հանրության վրա: Վազգեն Մանուկյանի առաջարկների հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց այն, որ անհրաժեշտ է բեկում, իրավիճակը փոխելու համար, միանգամայն ճշմարիտ է:
 
Վազգեն Մանուկյանի փորձն այս տեսակետից ուսանելի է: Նա 1992 թվականին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Դա Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենածանր շրջանն էր թե կորուստների, թե բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի առումով: Դրան գումարվում էր տնտեսական աղետալի իրավիճակը, շրջափակումը, ռեսուրսների անբավարարությունը, ներքաղաքական լարված մթնոլորտը Հայաստանում:
 
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գլխավոր ընդդիմախոսին նախարար նշանակեց այդ շրջանում: Այդ որոշումը բարենպաստ ազդեցություն ունեցավ իրավիճակի վրա, Ղարաբաղում կռվող տարբեր քաղաքական հայացքների ու կողմնորոշումների ստորաբաժանումները դարձան մի մարմին ու բռունցք: Դա զգացնել տվեց մարտի դաշտում, եւ աստիճանաբար վեկտորը փոխվեց: Հայկական ուժերն անցան հակահարձակման, եւ այսօրվա «անվտանգության գոտու» ձեւավորման հիմքը դրվեց Վազգեն Մանուկյանի նախարարության օրոք:
 
Ո՞րն էր գաղտնիքը: Առաջին պատերազմի տարբեր հրամանատարների հետ զրույցներից պարզ է դառնում, որ Վազգեն Մանուկյանը նախեւառաջ չէր խանգարում հրամանատարներին՝ գտնելով, որ նրանք ավելի իրատեսական ու ճիշտ մոտեցումներ ունեն տեղերում: Բացի այդ, նա ամեն կերպ աջակցում էր նրանց՝ ամենատարբեր հարցերում: Դա վստահություն էր ներշնչում զինված ուժերին ու հանրությանը:
 
Բնականաբար, վեկտորը փոխվեց նաեւ այն առումով, որ փոխվեց արտաքին քաղաքական միջավայրը, որը կապված էր ԽՍՀՄ փլուզման հետ: Հայկական ազատագրական շարժումը համարժեք էր ժամանակի համաշխարհային քաղաքական տրամաբանությանը, ինչը լեգիտիմացնում էր հայկական հաղթանակը:
 
Ինչ կատարվեց այդ հաղթանակի հետ անցած տասնամյակներին՝ այլ թեմա է, եւ դրանում իր մեղքի բաժինն ունի նաեւ Վազգեն Մանուկյանը:
 
Վերադառնալով Ղարաբաղի առաջին պատերազմի տարիներին, պետք է նշել ամենակարեւոր հանգամանքը՝ հայ հանրության եւ բանակի առջեւ դրվեց հստակ խնդիր ու նպատակ, կամ ռազմավարություն՝ ստեղծել անվտանգության գոտի, որը մի կողմից ներառում էր Իրանի հետ սահմանը՝ ժամանակի ցնցումային իրավիճակում անվտանգության գոտի ստեղծելով նաեւ բարեկամական երկրի սահմաններին, մյուս կողմից՝ սահմանելով ժամանակի զենքի հեռահարության չափով (պայմանականորեն իհարկե) խորություն՝ Արցախի բնակավայրերի անվտանգության համար: Այդ խնդիրը լուծվեց:
 
Ի՞նչ խնդիր ենք լուծում հիմա ռազմավարական առումով՝ այդքան էլ հասկանալի չէ: Այդ թվում, միջազգային հանրությունը, գործընկերներն ու դաշնակիցները չեն հասկանում, թե ինչ են ուզում հայերը: Մինչեւ վերջ կռվելու կոչերին հետեւում է փոխզիջման մասին հայտարարությունը, որը ոչ քաղաքականություն է, ոչ էլ ռազմավարություն:
 
Ռազմավարություն է օրինակ նոր սպառազինության հեռահարության մակարդակով (պայմանականորեն իհարկե) նոր «անվտանգության գոտու» սահմանումը: Ներկայում, երբ միջազգային նորմերի ու անվտանգության երաշխիքներ չկան, ինչպես 90-ականներին, դա միանգամայն հասկանալի նպատակ է, ինչն իր հետեւից կբերի թե նոր դաշնակիցների, թե սպառազինության նոր մակարդակի: Դա միայն մեկ օրինակ է:
 
Այս իրավիճակն անելանելի չէ, առավել եւս որ թե բանակը, թե տնտեսությունն ու ռեսուրսները անհամեմատ ավելի լավ վիճակում են, քան նախկինում, ինչը կտրուկ փոփոխության ու բեկման հնարավորություն է տալիս: Դա կառավարության անելիքն է՝ հստակ ռազմավարություն, որին պետք է համապատասխանեցվի ներքին ու արտաքին քաղաքականությունը հայկական շահերի ու իրավունքների հիմքով: Այդ ընթացքում պետք է մոռանալ մի շարք բառեր՝ զինադադար, փոխզիջում, խաղաղություն, քաղաքակիրթ աշխարհի անտարբերություն եւ այլն: Այդ բառերը ներկայում անզորության նշան են ընկալվում եւ ոչ մի կապ չունեն իրավիճակի ու քաղաքական իրական ռեժիմի հետ, երբ խնդիրը գնում է կողմերից մեկի հաղթանակի հիմքով հանգուցալուծմանը:
 
Կարո՞ղ է կառավարությունը լուծել այս խնդիրը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play