Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը. Զոհրաբ Մնացականյան

29-10-2020 15:19:24   | Հայաստան  |  Քաղաքական



ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: 
 
Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը բարձր ներկայացուցիչ Բորելին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության
և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, հատուկ թիրախավորվել է նաև Ստեփանակերտի բուժհաստատությունը: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությանը: 
 
Անդրադառնալով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող գործողություններին՝  նախարար Մնացականյանն ընդգծել է, որ նմանօրինակ գործողությունները սպառնալիք են հանդիսանում և տարածաշրջանային, և միջազգային անվտանգության համար: 
 
ՀՀ արտգործնախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության շրջանակներում։  Երկուստեք ընգծվել է  կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և կայուն, վերահսկելի հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:
 
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 144 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար