Երեւանն ու Մոսկվան մերժեցին Թեհրանի առաջարկը

30-10-2020 13:52:52   | Հայաստան  |  Վերլուծություն



Հայաստանը մանրամասն կուսումնասիրի իրանական կողմի նախաձեռնությունը, Երեւանում ընդունելով Իրանի նախագահի բանագնաց, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչիին, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է Իրանի դերը ռեգիոնալ կայունության եւ խաղաղության հարցում, միաժամանակ տեղեկացնելով հոկտեմբերի 30-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման եւ այդ ձեւաչափում աշխատանքը շարունակելու մասին:
 
Այլ կերպ ասած, Երեւանն առնվազն այս փուլում քաղաքավարի մերժել է Իրանի առաջարկը, կամ դրա առնվազն այն հատվածը, որը վերաբերում է ձեւաչափի փոփոխությանը: Իսկ այն, որ Իրանի նախաձեռնությունն ունի այդպիսի բաղադրիչ, հայտարարել է Արաղչին նախօրեին Մոսկվայում: Նա նշել է, որ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունն, ու Իրանն առաջարկում է ռեգիոնալ երկրների ձեւաչափ:
 
Երեւանը բոլորովին չի մերժում ռեգիոնալ երկրների, առավել եւս Իրանի հետ քաղաքական-դիվանագիտական աշխատանքը, սակայն Կովկասի ռազմա-քաղաքական միջավայրը Հայաստանի համար
անհրաժեշտ է դարձնում անվտանգային բազմաշերտ մեխանիզմների ապահովումը, որտեղ առանցքային դեր ունեն ոչ միայն Ռուսաստանը՝ որպես դաշնակցային պետություն, այլ նաեւ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Հետեւաբար, Հայաստանն ինչպես չի կարող նրանց հետ աշխատել Իրանի հաշվին, այնպես էլ Իրանի հետ չի կարող աշխատել Վաշինգտոնի ու Փարիզի հետ աշխատանքի հաշվին:
 
Արաղչին Երեւան է ժամանել Մոսկվայից: Նախօրեին անդրադառնալով արցախյան հարցին, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ պետք է դադարեցնել կրակը եւ «Մինսկի խմբի համանախագահների մշակած առաջարկների հիման վրա նստել բանակցության՝ այդ թվում Մինսկի խմբի մյուս անդամների մասնակցությամբ, որոնց շարքում է նաեւ Թուրքիան ու եվրոպական մի շարք այլ երկրներ, գտնել Հայաստանի եւ Ադրբեջանի շահի միջեւ հավասարակշռված կոնսենսուս»: Պուտինը նշել է, որ դա հնարավոր է:
 
Պուտինը փաստացի խոսում է այն մասին, որ քաղաքական գործընթացը պետք է ծավալվի առկա ձեւաչափի համատեքստում, ինչը նշանակում է, որ ձեւաչափի փոփոխության իրանյան առաջարկը կամ Աստանայի եռակողմ մոդելի առաջարկը ՌԴ համար ընդունելի չէ: Եթե փոխվում է ձեւաչափն ու հաստատվում ռեգիոնալ տարբերակ, ինչն առաջարկում է Թեհրանը, ապա այդ ձեւաչափում Թուրքիան ու Իրանը գործնականում հավասարվում են Ռուսաստանին մի գոտում, որտեղ նա չի թաքցնում իր առաջնայնության հավակնությունը:
 
Ընդ որում, Մինսկի եռանախագահության ձեւաչափում թեեւ համանախագահների միջեւ կա հավասարություն, սակայն ակնառու է նաեւ, որ կա որոշակի չբարձրաձայնվող կոնսենսուս այն հանգամանքի շուրջ, որ լինելով ռեգիոնից հեռու՝ ԱՄՆ ու Ֆրանսիան առանցքային դեր տալիս են Ռուսաստանին, եթե Մոսկվան չի փորձում իհարկե
այդ դերը շրջել հենց իրենց դեմ: Եվ այդ իմաստով հատկանշական է նաեւ, որ պատերազմի սանձազերծումից հետո երեք համանախագահ երկրների նախագահների հայտարարության մեջ ընդգծվում էր Ռուսաստանի առանցքային դերը:
 
Միեւնույն ժամանակ, Իրանն էլ իհարկե չի կարող մի կողմ մնալ, որովհետեւ եթե Թուրքիան օրինակ ոչ համանախագահության, բայց Մինսկի խմբի անդամ է, այսինքն ինչ որ առումով այդուհանդերձ կա, Իրանն ընդհանրապես դուրս է որեւէ ձեւաչափից:
 
Ինչպես է վերաբերելու Թեհրանի առաջարկին Էրդողանը, որին էլ Պուտինը մերժում է այսպես ասած երկկողմ ձեւաչափի հարցում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 190 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար