«Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագրի արցախցի մասնակիցներն այցելել են «Աթենք» գործարան


«Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագրի արցախցի մասնակիցներն այցելել են «Աթենք» գործարան

  • 31-10-2020 15:34:12   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 26-ին մեկնարկել է «Իմ ապագան իմ ձեռքերում է»  արցախցի երեխաների մասնագիտական կողմնորոշմանն օգնելուն ծրագրի երկրորդ փուլը: Ծրագիրը նախաձեռնել է 8 18 Special Edition Consulting ընկերության հիմնադիր Նանա Հովհաննիսյանը՝ Արցախի ԿԳՄ նախարարության հետ համատեղ։ Նախագծի ընթացքում երեխաներն այցելում են նաև տարբեր մասնագիտական, կրթական ու արտադրական ընկերություններ: Այս անգամ արցախցի պատանիներին իր գործարաններից մեկում հյուրընկալել էր մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը: 
 
Պատանիները շրջայց են կատարել «Աթենք»-ի գործարանում, անձամբ հետևել  երշիկի և կիսաֆաբրիկատների պատրաստման ամբողջ գործընթացին՝ հումքի մշակումից մինչև պատրաստի արտադրանքի փաթեթավորում, գործարանի գլխավոր տեխնոլոգ Տիգրան Անանյանն ու «Աթենք» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանը ներկայացրել են մսամթերքի պատրաստման նրբություններն ու գաղտնիքները, մսամթերքի սպառման առանձնահատկությունները: Այնուհետև երեխաները հարց-պատասխան ձևաչափով քննարկել են արտադրության և մսամթերքի շուկային վերաբերող, ինչպես նաև մարքեթոլոգի, վաճառքի պատասխանատուների, տեխնոլոգի մասնագիտություններին վերաբերող հարցեր, ծանոթացել դրանց  պահանջվող հմտություններին ու որակավորումներին: 
«Աթենք» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանի հավաստմամբ նման ծրագրերը երեխաների համար կարևոր են հատկապես կյանքի այս փուլում.
«Ողջունելի է  նմանատիպ  ծրագրերի իրականացումը, քանի որ պատանիները հենց այս տարիքից պետք է ծանոթանան շուկային ու բիզնես միջավայրին, իմանան թե ինչ արժեքներով են առաջնորդվում ընկերությունները շուկայի, տնտեսության զարգացման և աշխատակիցների հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից: Կարևոր է նաև, որ երեխաները հնարավորություն ունենան շփվելու, հարցեր ուղղելու արդեն իսկ որոշակի ճանապարհ անցած մասնագետների հետ, և պատկերացում կազմեն յուրաքանչյուր մասնագիտության ու աշխատանքի վերաբերյալ»:
 
 «Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգ Տիգրան Անանյանն էլ նշում է․
«Շրջայցի ընթացքում երեխաներին ներկայացրինք ամբողջ արտադրությունն ու դրանում կիրառվող սկզբունքները, ասեմ որ երեխաները, իսկապես, մեծ սիրով և ուշադրությամբ էին հետևում աշխատանքային ընթացքին, հետաքրքիր հարցեր ուղղում։ Կարծում եմ այս այցելությունը նրանց կօգնի հետագայում նոր մասնագիտությունների ուսումնասիրման և կողմնորոշման հարցում»։ 
 
«Իմ ապագան իմ ձեռքերում է»  ծրագրի նախաձեռնող Նանա Հովհաննիսյանի կարծիքով նմանատիպ կառույցներ այցելելը երեխաներին օգնում է է´լ ավելի լավ պատկերացում կազմել միանգամից մի քանի մասնագիտությունների և հատկապես բիզնես շուկայի մասին.
«Ծրագիրը մեկնարկելու պահից ի վեր բազմաթիվ կազմակերպությունների աջակցությունն ենք ստացել, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում: Մեր բոլոր գործընկեր կազմակերպություններից ցանկացածը հետաքրքիր է յուրովի է, այս գործարանը ևս: Երեխաներն այստեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու երկրի տնտեսության համար կարևոր ճյուղերից մեկի՝ արտադրության բարդ և պատասխանատու գործընթացին»: 
 
Ծրագրի մասնակիցներից արցախցի Ավագիմյան Անին ասում է, որ «Աթենք»-ի գործարանն այս ընթացքում այցելած հետաքրքիր վայրերից մեկն էր․
«Շատ հետաքրքիր էր գործարանում, քանի որ առաջին անգամ էինք տեսնում մսամթերքի պատրաստման ընթացքը։ Մեր պատկերացումներն ամբողջացան և ինչ-որ առումով նաև փոխվեցին գործարան այցելելուց հետո, և շատերիս համար արդեն պարզ դարձավ այս ոլորտի մասնագիտությունների էությունն ու կարևորությունը»։ 
 
Երեխաներն «Աթենք»-ից հեռացան խորհրդանշական նվերներով: Ընկերության ղեկավար կազմը երկար է քննարկել, թե ինչ գիրք ընտրել,  վստահ են, որ շատ լավ գրքեր կան, որոնք պետք է կարդալ, բայց Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր»-ը պատանիների աշխարհայացքում շատ բան կփոխի, կլայնացնի մտահորիզոնը, կօգնի լինել սկզբունքային ու միշտ պայքարող, կսովորեցնի երբեք չհանձնվել ու միշտ նայել առաջ՝ դեպի պայծառ ապագա։ 
 
Նշենք, որ «Իմ ապագան իմ ձեռքերում է» Ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին, ամփոփվել՝ հոկտեմբերի 23-ին, իսկ երկրորդը կավարտվի հոկտեմբերի 30-ին: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն