Այս պատերազմը մղվում էր ոչ այնքան կամ ոչ միայն Հայաստանի դեմ, որքան երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ


Այս պատերազմը մղվում էր ոչ այնքան կամ ոչ միայն Հայաստանի դեմ, որքան երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ

  • 20-11-2020 14:33:13   | Հայաստան  |  Հասարակություն



Այս  օրերին  մենք բոլորս  հուսալքման ու բարոյալքման  մեջ հայտնվեցինք: Չխորացանք պատճառների մեջ, իսկ ըստ Ավետարանի «Տերև անգամ առանց պատճառի չի ընկնում»: Միակ Պատճառը և  միակ պատասխանատուն շատերի ընկալմամբ ճանաչվեց երկրի վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը, ով ինքն էլ չհրաժարվեց իրեն վիճակված պատասխանատվությունից: Գուցե ոմանց համար կարող է հիպերպոլիկ թվալ իմ  կարծիքն այն մասին, որ այս պատերազմը մղվում  էր ոչ այնքան կամ ոչ միայն Հայաստանի դեմ, որքան երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Եվ Նիկոլ  Փաշինյանը պարտվեց: Նա պարտվեց ներքին և արտաքին թշնամու դեմ մղվող պատերազմում:Նա պիտի պարտվեր, որովհետև կռվող ուժերը ոչ միայն անհավասար էին, այլև չուներ դաշնակից, եղածն էլ թողեց, որ նա արնաքամ լինի, վերջին շնչին հասնի, նոր միայն խառվի ու միակ փրկիչի դեր ստանձնի: Ներքին թշնամին հիմա պահանջում է, որ նա  հրաժարական տա: Ներքին թշնամին հիմա ցույց է տալիս, որ մեծ ողբերգություն է ապրում Հայրենիքին պատուհասած այս խայտառակ պարտության համար ու միակ սփոփանքը, այս վիճակից դուրս գալու միակ ելքը  Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Սուտ է սա, լրբի, անբարոյականի սուտ է սա: Նրանք ցինիկաբար հրաժարական են պահանջում, որովհետև պատերազմի ավարտից հետո հատուկենտ կենդանի մնացած պատերազմի մասնակիցները տուն կվերադառնան և կպարզվի, կբացահայտվի ողջ ճշմարտությունը, ինչն իրենք չեն կարողանա թաքցնել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ որպես վարչապետ:: Նրա հրաժարականը պահանջողներին դժվար չէր հասկանալ: Իրապես՝ Նիկոլի առաջնորդությամբ իրագործված այսպես կոչված «Թավշյա» հեղափոխությունն իր դեմ էր հանել հազարավոր, գուցեև միլիոնավոր ու միլիարդավոր մարդկանց, ովքեր զրկվեցին իրենց առաջվա կուշտուկուռ կյանքից, մյուսների՝ տարիների, նաև դարերի ընթացքում կուտակված ատելության, վրեժխնդրության մաղձը նախորդների հանդեպ, ովքեր անլուր շահագործման, անխիղճ կեղեքման էին ենթարկել իրենց նախորդների իշխանավորման  տարիների ընթացքում: Աշխարհը շատ հեղափոխություններ է տեսել, հեղափոխական տեսություններ են մշակվել: Մենք դրանցից միայն մեկին ենք ծանոթ՝ «Հեղափոխության լենինյան տեսությանը»: Այդ տեսությամբ  100 տարի առաջ Ռուսաստանում իրագործված հեղափոխությամբ տեղի ունեցավ մի բան, որը աշխարհակարգի նոր դռներ  ու պատուհաններ բացեց: Ի~նչ թավիշ, ի~նչ բան, իշխանություն ունեցողներին նրանք գլխատեցին, նրանց մարմինները կախաղանների վրա ճոճվեցին, այն նպատակով, որ ինչպես Լենինն էր ասում՝ «տեսնեն հեղափոխական էներգիայի հզոր ուժը»: Այդ նույն բանն այս հեղափոխությամբ նույնպես սպասվում էր, սպասում էին երկու կողմն էլ: Իսկ սա «թավիշ, հա թավիշ»: Նրա ուսապարկում, հիշո՞ւմ եք, ինչ կար: Կտակարան: Նա հեղափոխությունը անվանակոչեց «սիրո հեղափոխություն», նկատի ունենալով, որ սիրուց է ծնվում երեխան: Ճիշտ էր նա միայն մի դեպքում: Բայց սխալ՝ մնացած բոլոր դեպքերում: Սիրուց հեղափոխություն չի ծնվում:Հեղափոխությունը բնության տարերք է, ինչպես ասենք որոտն ու կայծակը, որ մաքրում է երկինքը՝ անձևներ, կարկուտներ տեղալով: Բնության և հասարակական երևույթները նույն օրինաչափություններն ունեն: Ահա թե ինչու նրա «Թավշյա հեղափոխությունը» չընկալվեց շատերի կողմից, կարելի է ասել նաև ոչ մեկի կողմից: Նրանից ազատվելու կամ նրա հրաժարականին էին սպասում ոչ միայն իր երկրի նախկին իշխանավորները, այլև հարևան երկրների իշխանավորները և ամեն ինչ կանեին, որ տապալվեր այդ հեղափոխությունը, որ այս թավիշը, այս անհասկանալի, անիմանալի այս աղետալի համաճարակն ու ցեցը չընկներ իրենց երկրներ՝ Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Բելառուս, Չինաստան, Եվրոպա, Ամերիկա և այլուր:: Եվ նա մնաց միայնակ ու անընկեր:
 
    Դիտեք այս տեսանյութը, տարածեք՝ թող բոլորը հասկանան, թե ինչ է տեղի ունեցել:
 
 Հիմա դավաճանները Նիկոլին մեղադրում են, թե նա պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո քաղաքացիական պատերազմ է բորբոքում երկրի ներսում: Նախ՝ պատերազմն ամենևին էլ չի ավարտվել, այն դեռ շարւնակվում է: Շարւնակվող պատերազմն ամենևին էլ  քաղաքացիական պատերազմ չէ: Սա երկրի մարմնի վրայից դավաճան- մակաբույծերի հեռացման, մաքրման պատերազմ է: Առանց դրա այս երկրի ոջլոտ մարմնի քորը չի վերանալու, առանց դրա այս երկիրը չի կարող հանգիստ կյանքով ապրել և արարել: 
 
Իսկ քաղաքացիական պատերազմ բորբոքողները վաղուց հայտնի էին:Այդ նրանք իրենց պատերազմից փախած ղոչիներին գործուղեցին Ազգային ժողով և ծեծեցին, իրենց լեզվով ասած՝ «դփեցին» Ազգային ժողովի նախագահին այնքան երկար, մինչև որ կողքին կանգնած դփողական գործում հմուտ կուսակցության պատգամավոր կանանցից մեկը չասաց. «Հերիք է, մեռել է արդեն»: Հայի թո՛ւրք տեսակներ: Մի գյուղ կա մեր շրջանում, որի գյուղացիներին շատ հնուց կպցրել են «Մեռել դփողներ» խարանը: Հիմա այդ գյուղացիներն ամեն ինչ անում են, որ  իրենց վրայից մաքրեն  այդ խայտառակ պիտակը, այս պատերազմին նրանցից շատերը մասնակցեցին և զոհվեցին հերոսաբար, փառք նրանց հիշատակին, միևնույն է այդ պիտակը գյուղի վրայից չի ջնջվում: Այդպես էլ չի ջնջվելու Արարատ Միրզոյանին ծեծող ղոչիների և նրանց պատվիրատուների վրայից «Դավաճան, մեռել դփողներ» խարանը:
 
Մնացական Հարությունյան
լրագրող, հրապարակախոս, Հրազդան TV հիմնադիր-տնօրեն
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play