Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես նվիրատվություն ստացավ ևս մեկ շարժական լաբորատորիա

21-11-2020 15:10:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սպառողների իրավունքների պաշտպանության և  մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերեց շարժական լաբորատորիա, որը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար:  
 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում լաբորատորիայի բացման արարողությանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դժվար է թվարկել ռուս գործընկերների կողմից ցուցաբերվող օգնության բազմաթիվ անգնահատելի գործողությունները, որոնք երկար տարիներ ուղղված են եղել Հայաստանում առողջապահության զարգացմանը: «Հատկապես արժեքավոր է այդ օգնությունը այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է դժվարին իրավիճակում. պայքարը միաժամանակ գնում է երկու ուղղությամբ՝ համաճարակի և ԼՂ-ում ռազմական գործողությունների հետևանքով
առաջացած խնդիրների»,-ասաց նախարարը:
 
Թորոսյանը նշեց՝ Ռուսաստանը Հայաստանին ցուցաբերել և ցուցաբերում է օգնություն՝ ինչպես վարակիչ
, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման գծով: Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերից հենց Ռուսաստանն անգնահատելի օգնություն է ցուցաբերում Հայաստանի առողջապահության համակարգին: «Այսօր մենք երախտագիտությամբ ընդունում ենք հերթական կարևոր օգնությունը մեր ռուս գործընկերներից: Մեզ նվիրաբերվել է ևս մեկ շարժական լաբորատորիա, որը մեզ շատ կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ և կանխել դրանց տարածումը»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերներին:
 
Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան ևս շեշտեց, որ հայ գործընկերների հետ հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն: «Մենք ունենք մեկ համաճարակաբանական դպրոց, որը մեզ թույլ է տալիս պայքարել մեծ թվով վարակիչ հիվանդությունների դեմ: Վերջին 5 տարում մենք իրագործում ենք համատեղ ռուս-հայկական 6 տարբեր ծրագրեր»,-ասաց նա:
 
Այս նոր շարժական լաբորատորիան ավելանում է արդեն գործող 5-ին: «Այն լրացուցիչ հնարավորություն կտա՝ ախտորոշման, կանխարգելման համար՝ ոչ հասարակ հիվանդության համար, որին մենք բոլորս բախվել ենք»,-նշեց Պոպովան:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 468 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար