Հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Կարծում եմ՝ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն հայոց կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած՝ նոյեմբեր 10-ի կոչին և Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը։
Իսկ ի պատասխան լրագրողների հարցումների և անհատական նամակների՝ պարզաբանեմ, որ հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ Արարողության մասին ծանուցումը եղել է հանրային՝ հնարավորություն ընձեռելով ամենքին ուղիղ եթերով հետևելու և կամ ներկա գտնվելու հիշատակի միջոցառմանը։
Ամենայն հայոց հայրապետը շարունակում է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված իր ջանքերը՝ նաև աղոթելով մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար»: