Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել առևտրային բանկերի 412 աշխատակից. ՀԲՄ


Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել առևտրային բանկերի 412 աշխատակից. ՀԲՄ

  • 23-11-2020 11:55:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 22-ին Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն էր: Այս կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր քաջարի մարտիկներին, ովքեր անմնացորդ նվիրվածությամբ ու անկոտրում հաստատակամությամբ պայքարեցին հանուն հայրենի հողի ու վաղվա օրվա:
 
Հայաստանում նոյեմբերի 22-ը նշվում է նաև որպես բանկային աշխատողի օր: Ստեղծված պայմաններում Միության գնահատանքի և երախտիքի խոսքն ուղղված է նաև համակարգի աշխատակիցներին, ովքեր պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում ու թիկունքում միացան համազգային պայքարին:
 
Հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվել և զորահավաքային շրջանակում առաջնագիծ է մեկնել առևտրային բանկերի 412 աշխատակից: Ցավոք, նրանց շարքերում ունենք նաև զոհեր ու վիրավորներ:
 
Համակարգն ու աշխատակիցները թիկունքում ևս արել են հնարավորը՝ առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար:
 
Միանալով հայրենիքում և աշխարհասփյուռ հայության կողմից նախաձեռնվող և Արցախին ուղղված ծրագրերին՝ տարբեր ուղղություններով ցուցաբերվել է նաև ֆինանսական և հումանիտար աջակցություն:
 
Մասնավորապես՝ դրամական փոխանցումներ են կատարվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Բանկերի և համակարգի աշխատակիցների ջանքերով համակարգված աշխատանք է տարվել պարեն, հագուստ, դեղորայք, առաջնային անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու և առաջնագիծ հասցնելու, ինչպես նաև Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով:
 
ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, առևտրային բանկերի կողմից նախեձեռնվեցին նաև հաճախորդների աջակցության ծրագրեր՝ վարկի մարման ժամկետի հետաձգումից մինչև վարկերի մասնակի կամ ամբողջական ներումներ:
 
Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:
 
ՀՀ կառավարության որոշմամբ 2003 թվականից նոյեմբերի 22-ը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օր: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1993 թ. այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն