Գրիգոր Բարսեղյան. Ինչու մենք պարտվեցինք երկնքում և տնտեսական ոլորտում


Գրիգոր Բարսեղյան. Ինչու մենք պարտվեցինք երկնքում և տնտեսական ոլորտում

  • 24-11-2020 12:28:28   | Հայաստան  |  Վերլուծություն

Հոկտեմբերի 25-ին գիտական շրջանակներում տարածվեց զոհված երիտասարդ գիտնականի ռազմաճակատից ընկերոջն ուղղված նամակը՝ «Այն, որ մենք այստեղ ենք, նշանակում է, որ և՛ մեր գիտնականներն են պարտություն կրել, և՛ մեր դիվանագետները»:
 
Ճիշտ լուծումներ իշխանություններին բազմաթիվ անգամ են առաջարկվել՝ և իշխանության ճիշտ կառուցման, և հանքարդյունաբերության վերաբերյալ, և պատերազմի մեջ գիտության օգտագործման և այդպես շարունակ։ Զրո ուշադրություն։ 
 
Չինաստանում մոտեցում է մշակվել, թե ինչպես կարելի է կարճ ժամկետում մասնագետներ պատրաստել։ Չինաստանում ես «գլխավոր հրավիրյալ պրոֆեսորի» հազվագյուտ կարգավիճակ ունեի, ուսումնասիրեցի նրանց մոտեցումը և ուղարկեցի Հայաստանի բոլոր իշխանական կառույցներին։ Կրկին զրոյական ուշադրություն։
 
Մինչդեռ, եթե իշխանությունները լսեին, մենք այսօր կարող էինք ունենալ ԱԹՍ-ների մասնագետներ, և հնարավոր է, որ պատերազմի ելքն այլ լիներ։ Մենք հազվագյուտ մետաղների արդյունահանման տեխնոլոգիա կունենայինք, ինչը կարող էր միլիարդավոր դոլարների օգուտ տալ։
Որն է «չինական մոտեցումը», որը ես «մեր» հին ու նոր իշխանություններին էի ուղարկում սկսած 2012 թ.-ից։  Մոտեցումը հետևյալն է՝ (1) բոլոր տեսաբան գիտնականները պետք է զուգահեռ զբաղվեին նաև գործնական խնդիրներով, (2) եթե անհրաժեշտ է արագ յուրացնել նոր գիտություն և/կամ տեխնոլոգիա, կազմակերպվում է բարձրակարգ մասնագետների արագ վերաորակավորում հարակից, մոտ մասնագիտություններից։ Պարզաբանում եմ։ Անհրաժեշտ է սկսել ոչ թե համապատասխան ֆակուլտետներ բացելուց և ուսանողներ հավաքագրելուց (այդ դեպքում մասնագետները կհայտնվեն տասը տարի անց), այլ բարձրակարգ մասնագետների վերաորակավորումից (այդ դեպքում մասնագետներ կունենաք 3-6 ամիս հետո): 
 
Այսպիսով, (ուշադրությո՛ւն), եթե իշխանություններն ականջալուր լինեին խորհուրդներին, մենք արդեն 2012-13 թվականներին բարձր կարգի մասնագետներ կունենայինք և ԱԹՍ-ների, և ԱԹՍ-ների դեմ պայքարի ոլորտում՝ բավական էր հավաքել մեր հարյուր բարձրակարգ ֆիզիկոսների, մեխանիկների, ինժեներների, հրավիրել արտասահմանցի բարձրակարգ մասնագետների և սկսել ուսումը (վերաորակավորումը)։ Մենք 2013 թվականից կունենայինք տասնյակ բարձրակարգ մասնագետներ (գլխավոր կոնստրուկտորներ)։  
Նույնը պետք էր անել հանքարդյունաբերության ոլորտում։ Մենք այդ կերպ կստանայինք հազվագյուտ մետաղների արդյունահանման և ոսկու, պղնձի, մոլիբդենի մաքրման տեխնոլոգիաներ, համապատասխանաբար կստանայինք տասնյակ միլիարդավոր դոլարների օգուտ։
Նախորդ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ երկիրը չկայանա, ոմանք դա գիտակցաբար էին անում, մյուսները՝ տհասության և թալանելու ուժեղ ցանկության պատճառով։ Նիկոլի կառավարության մեջ բոլորը ինքնագովազդով զբաղվողներ դուրս եկան։ Նրանք թքած ունեին բոլոր ոլորտների մասնագետների վրա։ Նրանք գերադասում էին Ստալինի ժամանակների պիոներների նման մոդել-ինքնաթիռներ պատրաստել, և դա անվանել ժամանակակից սպառազինություն։ Արդյունքում զոհվեցին մեր տղաները։
 
Չլսեցին խորհուրդները։ Վճարելու է ամբո՛ղջ երկիրը։
 
Այս ամենն արդիական է նաև հիմա։
 
Գրիգոր Բարսեղյան
(Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր)
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն