Որակի պատասխանատուն անհրաժեշտ է բոլոր կազմակերպություններին. Նիկա Մանուկովա

24-11-2020 12:35:16   | Հայաստան  |  Կազմակերպություններ
Հայաստանը պետք է դառնա լուրջ ռազմա-արդյունաբերական համալիր, և մեր բոլոր ոլորտների բոլոր ձեռնարկությունները պետք է իրենց զարգացման չափանիշները և միտումները տանեն ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց «Սիգնում» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Նիկա Մանուկովան՝ հավելելով, որ ռազմական արդյունաբերությունը պետք է համապատասխանի խիստ պահանջների, ստանդարտների, ունենա գնահատման հստակ չափանիշներ։ 
 


Նրա կարծիքով՝ ոչ միայն կորոնավիրուսի հետ կապված և պատերազմական իրավիճակը, այլև միջազգային շուկայում հայկական արտադրանքի մրցունակության մակարդակը ցույց տվեց, որ հայկական ձեռնարկություններն ունեն ունենք ռեսուրսների, հումքի խնդիր։ «Բայց  մենք պետք է աշխատենք մեր արտադրանքի որակի վրա, այն է՝ համապատասխանենք խիստ չափանիշներին»,- ընդգծեց Նիկա Մանուկովան՝ կարևորելով հայրենական ձեռնարկությունների համապատասխանությունը, նախ և առաջ, միջազգային ստանդարտներին, որոնք են, մասնավորապես, Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Եվրոպական միության ընդունած ստանդարտները։ Երկրորդ կարևոր կետը համապատասխանությունն է խիստ օրենսդրական պահանջներին։ «Երբ մենք հանդիպումներ ենք անցկացնում տարբեր ձեռնարկություններում՝ անկախ նրանից, թե դա կրթական համալիր է կամ սննդի ձեռնարկություն, տեսնում ենք, որ ոչ բոլորն են համապատասխանում թեկուզ ՀՀ օրենսդրական պահանջներին։ Այսինքն՝ սննդի ոլորտում բոլորը չէ, որ համապատասխանում են HACCP (Hazard Analysis and Critical Control Points) համակարգին, դեղերի ոլորտում բոլորը չէ, որ համապատասխանում են GMP (Good Manufacturing Practice) համակարգին, բոլոր բանկերը և ապահովագրական ընկերությունները կամ վճարահաշվարկային ձեռնարկությունները չէ, որ համապատասխանում են ՀՀ կենտրոնական բանկի ինֆորմացիոն անվտանգության պահանջներին»,- նկատեց «Սիգնում»-ի հիմնադիր-տնօրենը՝ որպես երրորդ կարևոր կետ մատնանշելով ձեռնարկությունների ներքին ռազմավարական հստակ նախագծված չափանիշների, որակի կառավարման հստակ քաղաքականությունների ներդրումն ու իրականացումը։ 
 
Նրա գնահատմամբ՝ որակի վերահսկման բնագավառում լուրջ աշխատանք ունեն անելու թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածի կազմակերպությունները, մասնավորապես, ստուգող մարմիններն՝ անկախ նրանից, թե դա Սննդի անվտանգության տեսչական մարմինն է, թե մնացած ստուգող մարմիններն են։ «Ծավալուն աշխատանքներ, թրեյնինգներ իրականացվում են, միջազգային կազմակերպությունները համաֆինանսավորում են մասնագիտական որակավորման բարձրացումը։ Բայց այդ ամենը շատ քիչ է։ Այստեղ մենք նաև պետք է ունենանք քաղաքական կամք, որ թե՛ տնտեսվարող սուբյեկտները, թե՛ պետական պատկան մարմինները համատեղ ձեռք մեկնեն, սովորեցնեն, մի մակարդակ բարձր բարձրացնեն, օպտիմալացնեն»,- շեշտեց Նիկա Մանուկովան։
 
Հայաստանի շուկայում որակի վերահսկողության շղթայում կոռուպցիան, նրա գնահատմամբ, վերջին շրջանում նվազել է բնակչության գիտելիքների մակարդակի բարձրացման շնորհիվ
այն առումով, որ մարդիկ իրենց և ընտանիքների անդամների համար ցանկանում են որակյալ ապրանք ձեռք բերել և փնտրում են այն, հետևում, մասնավորապես, սննդամթերքի պիտանիության ժամկետներին, հավելումների պարունակությունը։ Որակյալ ապրանք ընտրելու միտումն աստիճանաբար անցնում է հագուստի և հիգիենայի պարագաների շուկաներ։
Պատասխանելով որակի կառավարման մասնագետների պատրաստման մասին հարցին՝ Նիկա Մանուկովան հավաստեց, որ Հայաստանի կրթական համակարգը կտրված է տնտեսությունից, իսկ գիտական-հետազոտական կենտրոնները տնտեսության խնդիրները չեն լուծում։ Մասնավորապես, «որակի կառավարում» մասնագիտացմամբ շրջանավարտներ Հայաստանում ոչ մի համալսարան չի թողարկում։ Բացը լրացնելու համար հիմնվել է Որակի պատասխանատուների ասոցիացիա, որի ներքո նախաձեռնվել են որակի պատասխանատուների պատրաստման և վերապատրաստման դասընթացներ։ «Ցավոք, կորոնավիրուսը մեր գործերը հետ գցեց։ Բայց գալիք տարվանից մենք նորից դասընթացներ կանցկացնենք, կհավատարմագրենք, կհավաստագրենք, և մենք շուկան կլցնենք գրագետ որակի պատասխանատուներով, որոնք համակարգային են մտածում»,- նշեց «Սիգնում»-ի հիմնադիր-տնօրենը՝ հրամայական համարելով համալսարանների կառավարման կամ տնտեսագիտության բլոկերում որակի կառավարման  առանձին դասընթացների և մասնագիտական ծրագրերի պարտադիր ներդրումը։ «Իմ կարծիքով՝ 4-րդ կուրսն ավարտած տնտեսագետը կամ կառավարման գծով մասնագետը պետք է գրեթե նույն գիտելիքներն ունենա, ինչ որ մեր որակի պատասխանատուները, որոնց որ մենք մեր թրեյնինգ-կենտրոնում բաց ենք թողնում, որովհետև սա առաջին քայլն է գրագետ որակի կառավարման համակարգ ներդնելու համար»,- շեշտեց նա։   
 
Ներկայացնելով ձեռնարկություններում որակի կառավարման համակարգերի ներդրման գործընթացը՝ Նիկա Մանուկովան մանրամասնեց, որ սկզբում ուսումնասիրվում են ձեռնարկության «հիվանդությունները», հետո տրվում է առողջացման ծրագիրը, իրականացվում ծրագրին համապատասխան փաստաթղթային համակարգի մշակումը, հետո այդ փաստաթղթերը ֆիզիկապես ներդրվում են ձեռնարկության ներսում։ Երբ ձեռնարկությունում նախանշված «հիվանդությունների» ախտորոշումը և բուժումը համընկնում է, որակի կառավարման համակարգն սկսում է աշխատել,
«Սիգնում»-ը  ձեռնարկության հետ պայմանագիրը համարում է ավարտված։ Դրանից հետո ձեռնարկություններն անցնում են հավաստագրման և տարին մեկ անգամ անցնում  աուդիտ։ «Հայաստանում չկա գրեթե ոչ մի ձեռնարկություն, որը պատրաստված որակի պատասխանատու կունենա, այսինքն՝ մարդ, ում մենք համակարգը հանձնենք և կարողանանք հետո համատեղ զարգացնել համագործակցությունը»,- հավաստեց որակի կառավարման փորձագետը՝ շեշտելով, որ որակի պատասխանատու ունենալը ձեռնարկության համար կարևոր է նույնքան, որքան իրավաբան, հաշվապահ, տնօրեն ունենալը։ «Իրականում, ձեռնարկության որակի պատասխանատուն առանց ստորագրության տնօրենն է, որովհետև ձեռնարկության վիճակի մասին ամբողջ տեղեկատվությունը գեներացվում է իր մոտ, բոլոր վերլուծությունները, հաշվետվությունները, խնդիրները, բողոքները, առաջարկություններն ամբողջությամբ հավաքվում են այդ կենտրոնում։ Որակի պատասխանատուն անհրաժեշտ է բոլոր կազմակերպություններին՝ անկախ չափից և գործունեության ոլորտից»,- պարզաբանեց նա։
Անդրադառնալով դեկտեմբերի 31-ից Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, Նիկա Մանուկովան պարզաբանեց, որ Հայաստանը Թուրքիայից ներմուծում է ոչ միայն պատրաստի արտադրանք, այլև մեծ քանակությամբ հումք։ «Մինչև դեկտեմբերի վերջը շատ փոքր ժամկետ է, որ կորոնավիրուսային ու հետպատերազմական սթրեսերից հետո մեր ձեռներեցները շատ արագ կարողանան շուկաներ գտնել։ Ես գտնում եմ, որ դա շատ լավ քայլ է ոչ միայն թուրքական, այլ ընդհանրապես ներմուծվող տեսականին տեղական արտադրանքով փոխարինելու առումով։ Այստեղ մենք կունենանք շատ-շատ հարցեր թե՛ հումքային նյութերի ներմուծման, թե՛ բիզնես-գործընթացների կազմակերպման տեսանկյունից»,- նկատեց նա՝ բարձրացնելով այն խնդիրը, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի տեքստիլի ձեռնարկություններն, Ուզբեկստանում կամ Տաջիկստանում հումքի մատակարար գտնելով, որքա՞ն արագ և ինչ ծավալների պարագայում կկարողանան ներմուծումներ անել, որ կարողանան նույն կերպ աշխատել, արտադրանքի անհրաժեշտ որակ և քանակ ապահովել։ Խնդիրը կարևորվեց նաև տարբեր ոլորտների հայկական ձեռնարկությունների մրցակցությունը ԵԱՏՄ շուկայում շարունակելու տեսանկյունից։
Նիկա Մանուկովան Թուրքիայից ներմուծման արգելքը նոր մարտահրավեր համարեց, որին դիմակայելու համար հայկական ձեռնարկությունները պետք է վերափոխվեն, մշակեն բիզնես-գործընթացների, ձեռնարկությունների զարգացման միտումների նոր մոդելներ, ինչին աջակցելու ուղղությամբ «Սիգնում»-ն ակտիվ աշխատանք է կատարում։ 
 
Շարունակելով ներքին շուկայի պահանջարկի բավարարման և ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու թեման՝ ընկերության հիմնադիր-տնօրենը կարծիք հայտնեց, որ Հայաստանը անկախության մոտ 30 տարիների ընթացքում ամուր քայլեր պետք է ձեռնարկեր այս ուղղությամբ, տնտեսության տարբեր ոլորտներում ունենար սեփական շատ բարձր որակի արտադրանքը։ Որոշ ոլորտներում նման ապրանքներ արտադրվում են՝ տեքստիլ, որը վաճառվում է, օրինակ, Ռուսաստանի մեծ հիպերմարկետներում, դեղեր, կան բարձրակարգ լաբորատորիաներ, որտեղ ստուգումներ են պատվիրում Վրաստանի ձեռնարկությունները, որովհետև մեր մասնագետները և սարքավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Բայց նման օրինակները քիչ են։ 
 
Նա կարևորեց հայրենական ձեռնարկությունների միջև հաղորդակցության կազմակերպումը նաև ցուցահանդեսների կազմակերպման միջոցով, որպեսզի դրանք հումքային նյութերի, կիասաֆաբրիկատների ձեռքբերումը կարողանան կազմակերպել հենց Հայաստանում։ Կարևորվեց նաև Սփյուռքի ներուժի օգտագործումը, որպեսզի Սփյուռքի մասնագետներն իրենց իմացած նոր տեխնոլոգիաները կարողանան կիրառել հայկական ձեռնարկություններում։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 816 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար