Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է


Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է

  • 24-11-2020 15:06:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2020 թվականի մարտի 26-ից մեկնարկել է «Վաղ փուլի/I-III/ դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը, որի շահառուների թիվը Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանական ծառայության լիցենզավորում ունեցող  բժշկական կենտրոններում կազմել է 107:
 
Ներկայումս ծրագրի շրջանակներում բուժում է ստանում 132 պացիենտ:
 
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ վերջիններս ստանում են միջազգային ուղեցույցներին համապատասխան բուժում, և այս ծրագրի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում կունենանք առողջացած ու լիարժեք կյանք վերադարձած կանայք:
 
Հարկ է նշել, որ նախքան այս պետական ծրագիրը, պացիենտների շուրջ 35-40%-ը հրաժարվում էր տրաստուզումաբ դեղը ձեռք բերելուց թանկարժեք լինելու պատճառով և ունենում էր հիվանդության ռեցիդիվ կամ մետաստազավորում 2-3 տարվա ընթացքում:
 
Տրաստուզումաբի (հերցեպտին) հիմնական «HERA» հետազոտության տվյալների համաձայն՝ ապացուցվել է, որ HER2 դրական վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների համար տրաստուզումաբի 12 ամիս տևողությամբ պահպանողական ադյուվանտ բուժումն ապահովում է հեռակա մետաստազների զարգացման 50%-ով նվազում առանց տրաստուզումաբի բուժվող պացիենտների համեմատությամբ։ Այս հետազոտության հիման վրա վաղ փուլի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների բուժման ստանդարտ է հանդիսանում տրաստուզումաբի կիրառումը ադյուվանտ ռեժիմում 1 տարի ժամկետով։ Ամերիկյան NCCN ուղեցույցում առկա տվյալների համաձայն՝ տրաստուզումաբի ադյուվանտ ռեժիմում կիրառման ստանդարտն է համարվում բուժման 1 տարի տևողությունը, որի կրճատումը կարող է հանգեցնել հիվանդների մոտ բուժման արդյունավետության ցուցանիշների զգալի կրճատման, մետաստազների հավանականության և մահացության ցուցանիշների բարձրացման։ 
 
Այսպիսով՝ ծրագրի շարունակականությունը կնպաստի «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների բուժմանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play