Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
25-11-2020 13:40:52 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհետ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։
Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։