Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6 և 12-ամսյա անվճար դասընթացին կմասնակցեն թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարած դիմորդները։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։ Առցանց քննության և հարցազրույցի փուլերը հաղթահարած բոլոր դիմորդները կսկսեն ուսուցումը 2021 թվականի հունվարին: Դիմումներն ընդունվում են հիմնադրամի կայքի միջոցով՚ https://www.fast.foundation/en/application-form/626: Հարցերի դեպքում գրել 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով:
Նշենք, որ FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:
Ստորաբաժանմանը օժանդակելու նպատակով FAST-ը կազմակերպում և անցկացնում է նախապատրաստական դասընթացներ, որոնք բոլոր մարզերի ապագա զորակոչիկներին հնարավորություն են ընձեռում խորությամբ ուսումնասիրել և յուրացնել տվյալագիտության և արհեստական բանականության ուղղությունները՝ մեծ ուշադրություն դարձնելով բարձրագույն մաթեմատիկայի և ծրագրավորման համապատասխան բաժիններին:
Այսպիսով, վեցամսյա դասընթացն ամբողջովին անվճար կրթական և մասնագիտական հնարավորություն է, և մասնակիցները հնարավորինս պատրաստված են «1991 ստորաբաժանման» ընդունելության քննությանը։ Դասընթացները պարբերական են և մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Իրենց գիտելիքները ծառայության ընթացքում ի գործ դնելուց հետո՝ մասնակիցները կարող են մասնագիտանալ տեխնոլոգիական ոլորտում և շարունակել իրենց ներդրումն ունենալ գիտական առաջընթացի մեջ:
«1991 ստորաբաժանման» առաջին դասընթացն ունեցել է 400 դիմորդ, 46 մասնակից, երկրորդ դասընթացը՝ 480 դիմորդ, 65 մասնակից: