Նախօրեին որոշակի քանակությամբ դիերի փոխանակում եղել է. Նազելի Բաղդասարյան


Նախօրեին որոշակի քանակությամբ դիերի փոխանակում եղել է. Նազելի Բաղդասարյան

  • 25-11-2020 16:55:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նոր ուժեր են կենտրոնացվել, որպեսզի ականապատ տարածքներից հնարավոր լինի հայ զինծառայողների դիերը դուրս բերել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
 
«Նախօրեին որոշակի քանակությամբ դիերի փոխանակում եղել է։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մեզ տեղեկություն է փոխանցել, որ նախօրեին փոխանակում եղել է, իրավասու չեմ թիվ նշել։ Գործընթացը գնում է, բայց, ցավոք, դանդաղ է։ Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներն  այս պահին գոնե մեզ անհասանելի են։ Փաստացի շփման գծում և այն վայրերում, որտեղ թեժ մարտեր են եղել, ականապատ տարածքներ են։ Եվ անգամ Կարմիր խաչի գործընկերներն ասում են, որ ֆիզիկապես հասանելի չեն այդ տարածքները՝ գնալու ու դիերը դուրս բերելու համար։ Այսինքն՝ հիմա նախօրեից Կարմիր խաչի նոր ուժեր են կենտրոնացել, որպեսզի կարողանան ականազերծել տարածքները, որից հետո կունենանք որոշակի տեղաշարժ»,- ասաց Բաղադասարյանը։
 
Պատգամավորը հավելեց, որ կարող է վստահեցնել՝ գերիների ու անհետ կորածների հարցերով կառավարությունում մինչև ուշ գիշեր աշխատում են։ Այս հարցում ևս որոշակի խնդիրներ ու խոչընդոտներ ստեղծում է ադրբեջանական կողմը։
 
Հարցին, թե արդյոք անիշխանության դրսևորում չէ այն, որ Արցախում շարունակաբար նոր տարածքներ են անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, պատգամավորը պատասխանեց․ «Ոչ։ Բնականաբար, օրվա իշխանությունը կրում է գործընթացների ողջ քաղաքական պատասխանատվությունը, բայց կապված այն տարածքների հետ, որոնք անցնելու են հակառակորդի տիրապետության տակ, կա հստակ պայմանավորվածություն։ Եվ սա Արցախի իշխանությունները վերահսկում են»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն