ՀԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական ​​աշխատանքները


ՀԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական ​​աշխատանքները

  • 25-11-2020 18:55:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական ​​աշխատանքները: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան մասնագետների հետ կհավաքեն ռեակտորի թրծաթողման կայանքը, կկատարեն դրա համապարփակ ստուգումը, ինչպես նաև ռեակտորի կորպուսի անհրաժեշտ հաշվարկները և նյութագիտական ուսումնասիրությունները:
 
Թրծաթողման աշխատանքներն իրականացվում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքված՝ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված պայմանագրի շրջանակներում: Ռեակտորի թրծաթողումը կմեկնարկի 2021 թվականին կայանում պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքում։ Այդ աշխատանքները նախատեսված է իրականացնել մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Ռեակտորի թրծման աշխատանքների կապակցությամբ ՊՆՎ-2021 կտևի սովորականից ավելի երկար՝ շուրջ 140 օր։
 
Ռեակտորի թրծաթողումը համարվում է մետաղի վերականգնման ամենաարդյունավետ միջոց․ ռեակտորի իրանը թրծաթողման կայանքի օգնությամբ տաքացվում է մինչև 475 աստիճան, պահվում այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Այս գործողությունը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը 80-ից 85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին, այսպիսով երկարացնել դրա շահագործմամ ժամկետը։
 
Թրծաթողման աշխատանքները կացնկացվեն «Ատոմէներգորեմոնտ» ԲԸ մասնագետների մասնակցությամբ։ «Ատոմէներգորեմոնտը» Ռուսաստանի ամենամեծ ընկերությունն է ատոմակայանների տեխնիկական սպասարկման, սարքավորումների վերանորոգման և արդիականացման ոլորտում։ Ընկերությունը ВВЭР տիպի ռեակտորների իրանների վերականգնողական թրծման և հետթրծման մեծ փորձ ունի։
 
Ռեակտորի թրծաթողման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է Նովովորոնեժյան ԱԷԿ-ում (Ռուսաստան)։ Ռեակտորի թրծաթողումն իրականացվում է բոլոր ատոմակայաններում, որտեղ երկարաձգում են կայանի շահագործման ժամկետը: Թրծաթողման աշխատանքներ են իրականացվել ВВЭР-440 տիպի ռեակտորիների վրա Կոլսկայա (Ռուսաստան), Ռովենսկայա (Ուկրաինա), «Կոզլոդույ» (Բուլղարիա) և «Լովիսա» (Ֆինլանդիա) ԱԷԿ-ներում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play