ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է համաշխարհային ավիաընկերությունների և բեռնափոխադրող ընկերությունների հետ` ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի մատակարարման նպատակով

26-11-2020 14:52:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է համաշխարհային խոշոր ավիաընկերությունների և բեռնափոխադրող ընկերությունների հետ՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի հասանելի լինելուն պես դրանք աշխարհի ավելի քան 92 երկիր մատակարարելու նպատակով՝ տեղեկացնում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գլխավոր գրասենյակից։
 
Նախապատրաստական աշխատանքները սկսելու նպատակով նախորդ շաբաթ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Համաամերիկյան առողջապահական կազմակերպությունը (PAHO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) խոշոր ավիաընկերություններին սպասվող հսկայական պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրել, ինչպես նաև քննարկել 2021 թվականին ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի մոտ 2 միլիարդ չափաբաժինների մատակարարման հարցերը: Պատվաստանյութերից զատ անհրաժեշտ է լինելու ծովային բեռնափոխադրումների միջոցով մատակարարել ավելի քան 1 միլիարդ ներարկիչ:
 
«Մինչ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են,
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանքերն ուղղում է ավիաընկերությունների, բեռնափոխադրողների, առաքման գծերի և այլ նյութատեխնիկական ասոցիացիաների հետ տարվող աշխատանքներին` պատվաստանյութերը հնարավորինս արագ և անվտանգ տեղ հասցնելու նպատակով»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժնի տնօրեն Էտլևա Կադիլլին (Etleva Kadilli). «Այս անգնահատելի համագործակցությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, վստահ լինելու համար, որ մենք բավարար տրանսպորտային ներուժ ունենք այս պատմական և կարևոր աշխատանքի համար: Անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութեր, ներարկիչներ և կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում աշխատողների համար անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ մատակարարելու համար»:
 
Առաջիկա շաբաթների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն առկա տրանսպորտային ներուժի տվյալները կվերլուծի՝ առկա բացթողումները և հետագա պահանջները բացահայտելու նպատակով: Ակնկալվում է, որ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի ձեռքբերումը, մատակարարումն ու բաշխումը լինելու են երբևիցե ձեռնարկված նմանատիպ գործողություններից ամենածավալունն ու ամենասեղմ ժամկետներում իրականացվածը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ ջանքեր է գործադրում COVAX-ի հետ պայմանագրեր կնքած արտադրողներից պատվաստանյութեր ձեռք բերելու և մատակարարելու ուղղությամբ:
 
Լինելով պատվաստանյութերի ամենամեծ գնորդն աշխարհում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 100 երկրի համար միջին հաշվով գնում է տարեկան ավելի քան 2 միլիարդ պատվաստանյութ՝ պլանային պատվաստումների և կանխարգելելի հիվանդությունների բռնկումներին արձագանքելու
համար։ Այս նմանը չունեցող փորձառությունն իրենից ներկայացնում է տարատեսակ սառցային շղթա պահանջող հազարավոր բեռնափոխադրումների համակարգում՝ դարձնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին ջերմաստիճանի վերահսկում պահանջող արտադրանքի մատակարարման ողջ շղթայի կառավարման փորձագետ, ինչը հատկապես կարևորվում է այս պատմական նախաձեռնության իրականացման առումով:
 
Նախորդ ամիս ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել է մինչև 2021 թվականը ավելի քան 1 միլիարդ ներարկիչ կուտակելու գործընթացը՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի նախնական մատակարարումը երաշխավորելու նպատակով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 210 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար