ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը

26-11-2020 16:18:23   | Հայաստան  |  Մամուլի սրահ
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:27-ին, ստացել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ 
 


«Որպես դիմումի փաստական հիմք նշվում է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։  Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժ. 09:49-ին։ Ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
ՍԴ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դիմումի ընդունման, վարույթի և գործի քննության ընթացակարգերի պարզաբանմամբ Սահմանադրական դատարանը հանդես կգա առանձին հրապարակումով։
 
Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհրդի նիստին որոշվել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ 
 
Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվել Սահմանադրության 95-րդ հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը: 
 
Սահմանդրության 95-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի սրահ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 807 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար