Ճանապարհաշինության 2020 թ. նախանշված պլանը ամբողջությամբ կատարվել է. կառուցվել է 550 կմ ճանապարհ


Ճանապարհաշինության 2020 թ. նախանշված պլանը ամբողջությամբ կատարվել է. կառուցվել է 550 կմ ճանապարհ

  • 26-11-2020 16:48:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2020թ. պետական բյուջեում՝ վերաբաշխում և ՀՀ կառավարության 2019թ. համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դրա ընդունումը պայմանավորված է 2021թ. պետբյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակում 2021թ. հիմնանորոգման ենթակա օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապես ձեռքբերման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է անհրաժեշտ 243,5 մլն դրամը վերաբաշխել նախարարության համար նախատեսված միջոցներից:  Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Նախագծի ընդունմամբ կապահովի 2021թ. համար նախատեսված հիմնանորոգման ենթակա միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի  ձեռքբերումը և պլանավորված աշխատանքների անընդհատությունը։ 
 
Վարչապետը ՏԿԵ նախարարից հետաքրքրվել է կապիտալ ծախսերի գործընթացից, ինչին ի պատասխան Ս. Պապիկյանը նշել է, որ ինչպես և ողջ տարվա ընթացքում, կա ներքին ռեսուրսների ծախսի արդյունավետ վիճակ, ինչպես նաև առկա են վարկային միջոցների հետ կապված որոշ խնդիրներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով: Նրա խոսքով, պատերազմական իրավիճակն ազդել է մի շարք ուղղություններով շինարարության վրա, բայց բոլոր հնարավոր վայրերում շինարարությունը շարունակվել է: Շարունակվել են նաև սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքները: Այս պահին կառուցվել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ՝ խոսքն արդեն ավարտված ասֆալտապատման աշխատանքների մասին է, և նախանշված պլանը՝ ներառյալ սուբվենցիոն ծրագրերը, իրականացվել է:  Արդեն սկսվել է և առաջիկա ամսում կշարունակվի որակի, աշխատանքների ընդունման և կատարողականի ֆինանսավորման վերահսկողության գործընթացը:
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է 2020թ. համար նախանշված պլանի կատարումը և նշել, որ պետք է ամեն ինչ անել՝ կապիտալ ներդրումները հնարավորինս արդյունավետ իրականացնելու համար: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն