Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարցը Հայաստանին


Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարցը Հայաստանին

  • 26-11-2020 17:23:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի որոշումը Հայաստանում մի կողմից ոգեւորությամբ, մյուս կողմից թերահավատությամբ է ընդունվել: Քննարկվում են դրա արժեքը, հնարավոր հետեւանքները, Ռուսաստանի, Թուրքիայի վերաբերմունքը եւ այլն: Մի  խավի մոտ էլ, որն ասոցացվում է քաղաքական «մտքի կրողի» հավակնությունների հետ, Սենատի որոշումը դարձել է սեփական կողմնորոշումների արտահայտման միջոց՝ թե դա որքանով է խանգարելու «ղարաբաղյան կարգավորմանը», որքանով է հակասում Ռուսաստանի շահերին, որքանով է թելադրված Հայաստանի շահով եւ այլն:
 
Այս քննարկումները բնական են, միեւնույն ժամանակ հերթական անգամ առաջանում է պարզ ու ամենակարեւոր հարցը՝ Իսկ Հայաստանն ուզո՞ւմ է զբաղվել քաղաքականությամբ: Հարցն ամենեւին էլ անիմաստ չէ, նկատի առնելով, որ Հայաստանի քաղաքական ու մերձքաղաքական դասը երեսուն տարի կազմել են 1994-ի հաղթանակից սարսափածներն ու նրանց հոգեզավակները, որոնց «քաղաքական գործունեությունն» այդ ընթացքում հանգում էր Ղարաբաղը փուլային, թե փաթեթային տարբերակով հանձնելուն: Ավելորդ է ասել, որ Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան շղթայում ոչ մի քայլ չկատարվեց 1989 թ. վերամիավորման որոշման կատարման՝ միացման համար, նույնիսկ անկախության ճանաչման հարցը վերածվեց գավառական առեւտրի՝ որ ճանաչենք՝ պատերազմ կլինի, բանակցություն չի լինի, Ադրբեջանը հենց հարձակվեց՝ կճանաչենք տիպի դեմագոգիայով, իսկ հետպատերազմյա այս երկու շաբաթներին էլ աննկարագրելի ռազբորկաներ են ծավալվում բուն խնդրի հետ առնչություն չունեցող դետալների շուրջ, որոնք հմտորեն ներդրվում են դրսից:
 
«Քաղաքական» այս զանգվածը հիմա էլ ոգեւորված է Լավրովյան պլանի կատարմամբ, իր հավատարմությունը հայտնելով եռակողմ հայտարարությանը եւ նրա հեղինակին Փաշինյան-Սարգսյան-Հարությունյան եռյակի գլխավորությամբ: Այս ընթացքում ոչ մի քայլ, նախաձեռնություն ու առաջարկություն՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ, վարչապետն էլ ռուսական գլխավոր գործակալությանը հավաստիացրեց, որ հայ հանրությունը թեեւ դժգոհ է, բայց ընդունում է իրողությունները:
 
Պուտինի հայտարարությունները Ղարաբաղի կարգավիճակի մասին, Ֆրանսիայի Սենատի որոշումն իրականում հարց է Հայաստանին՝ ձեր քաղաքականությունը ո՞րն է, ի՞նչ եք ուզում: Հայաստանի պատասխանը՝ մենք քաղաքականություն ոչ ունեցել ենք, ոչ էլ ցանկություն ունենք ունենալու, թող ուրիշները մեր փոխարեն որոշեն: Մեր եկեղեցիներին ձեռք մի տվեք, անհետ կորածներին գտեք, հումանիտար օգնություն ուղարկեք, մնացածն ինչ ուզում եք արեք: Մերը Ցեղասպանությանը միշտ պատրաստ լինելն է, կրակի կողքը տեղ կա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը