150 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրը կեղծ է․ Կարմիր խաչը հորդորում է չտրվել խուճապային տեղեկությունների. ՀԺ

27-11-2020 12:50:22   | Հայաստան  |  Հասարակություն
Համացանցում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում գերեվարվել է 150 հայ զինծառայող, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։
 


«Մեդիա կենտրոն»-ի կողմից հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Հոկտեմբերի կեսերից սկսած եւ առ այսօր մենք ունենք մուտքի որոշակի հնարավորություն, ճշտել ենք մի շարք անձանց գերեվարման փաստերը եւ կարողացել իրենց տեսակցել, սակայն որեւէ ամբողջական տվյալ, որ սկսել է համացանցում տարածում գտնել, կեղծ է: Խնդրում եմ դրանց մեջբերումներ չանել, ընտանիքներին էլ խորհուրդ եմ տալիս չհավատալ եւ մեզ հետ կապի մեջ լինել»,- ասաց նա՝ հորդորելով չտրվել խուճապային եւ սենսացիոն տեղեկությունների։
 
Հարցին, թե իրականում որքա՞ն է կազմում Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողների թիվն իրենց տվյալներ
ով, Զառա Ամատունին չպատասխանեց՝ ասելով, որ իրենց իրավասությունից դուրս է վիճակագրական տվյալներ հրապարակելը․ «Մեր ձեւաչափը հաշվի առնելով՝ մենք չենք հրապարակում վիճակագրական տվյալներ եւ ամենայն հավանականությամբ չենք էլ հրապարակի, թե որքան անձինք են գրանցվել՝ որպես փնտրվող, գերիներ: Չենք տրամադրում այդ տվյալները նաեւ այլ ատյանների եւ աշխատում ենք իշխանությունների հետ: Յուրաքանչյուր դեպքով աշխատում ենք երկկողմանի եւ կոնֆիդենցիալ ձեւաչափով, ինչը թույլ է տալիս ապահովել գերիների շահերը եւ կողմերին հիշեցնել միջազգային պարտավորությունների ներքո իրենց ստանձնած պատասխանատվության մասին»։
 
Ամատունին շեշտեց, որ միջազգային իրավունքն էլ է թելադրում գերիներին հեռու պահել հանրային ուշադրությունից․ «Նրանք գտնվում են բարդ իրավիճակում, եւ հարցեր, խնդիրներ վերլուծելը իշխանությունների գործն է, որտեղ մենք միջնորդի դեր ունենք: Հանրությունը կարող է աջակցել, եթե կողմերը դա որոշեն, բայց՝ ոչ մենք. մեր դերը աջակցելն է նրանց տեսակցելու, պահման պայմանները ստուգելու եւ օգնելու հարցում, քանի դեռ նրանք անազատության մեջ են»։
 
 
Ամատունու խոսքով՝ իրենք չեն կարող ստիպել կողմերին կազմակերպել գերիների վերադարձը, կարող են միայն աջակցել եւ պատրաստակամ են դա անել յուրաքանչյուր րոպե․ «Որպես մարդասիրական կազմակերպություն՝ որոշելու դեր մենք չունենք, ուստի տեղեկությունների հրապարակումը եւս կողմերի որոշելիքն է: Մեր դերը աշխատելն է, նրանց ուշադրության կենտրոնում պահելը»։
 
Կարմիր խաչի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ անհետ կորածների որոնողական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 13-ից
եւ ամենօրյա ռեժիմով ընթանում են առ այսօր մարտական գործողությունների տարբեր տարածքներում։ Այս հարցում ակտիվ ներկայություն է ապահովում նաեւ ՌԴ խաղաղապահական կոնտինգենտը։ Ամատունին չմանրամասնեց, թե ինչ խոչընդոտների են առնչվում այդ աշխատանքների ընթացքում՝ նշելով, որ դրանց մասին եւս իշխանությունների հետ են քննարկումներ տանում․ «Ցանկացած հարց, որ առաջ է գալիս, քննարկում ենք կողմերի հետ, հանրայնորեն չենք մեկնաբանում, մեր դերը երկխոսության ձեւաչափով է՝ առանց հանրային ուշադրությունը հրավիրելու»։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար