Առողջապահության փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորությունից ժամանած շտապ բուժօգնության թիմի անդամներին


Առողջապահության փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորությունից ժամանած շտապ բուժօգնության թիմի անդամներին

  • 28-11-2020 10:15:24   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր՝ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:
 
Թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում:
 
«Մեր կառավարությունը համավարակի առաջին օրվանից անում է հնարավոր ամեն բան կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու և բուժհաստատություններին մարդկային ռեսուրսներով, անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով ապահովելու համար»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ կարևորում է այս ոլորտում միջազգային համագործակցությունը:
 
Բուժաշխատողներից և միջազգային փորձագետներից բաղկացած խումբն իր առաքելության շրջանակներում կանցկացնի դասընթացներ, փորձի փոխանակում: Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելով և զարգացնելով առողջապահական ծառայությունների կարողությունները՝ COVID-19-ի շրջանակներում:
 
Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել բժշկական թիմի անդամներին` հայ բժիշկների կողքին կանգնելու և համատեղ գործունեություն ծավալելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն