Սոթք. ներխուժում եւ սահմանազատման մեկնարկի ահազանգ


Սոթք. ներխուժում եւ սահմանազատման մեկնարկի ահազանգ

  • 28-11-2020 14:46:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ պատգամավոր Թագուի Թովմասյանը, որ օրերս էր լքել Իմ քայլը խմբակցությունը, նոյեմբերի 27-ի երեկոյան լրագրողներին հայտնել է, որ Սոթքի հարցում ձեռք է բերվել պայմանավորվածություն, եւ հայկական զինուժը, հսկելով պետական սահմանը, կապահովի նաեւ հանքի լիարժեք շահագործումը: Պատգամավորը լրագրողներին ասել է, թե զինվորականները հավաստիացրել են, որ կապահովեն հանքում աշխատողների անվտանգությունը: « Իրենք (հայկական զինուժը) հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում են, որ հնարավորություն կա, որպեսզի ամբողջ ծավալով հանքը շահագործվի», հայտարարել է պատգամավորը:
 
Զինվորականները պատգամավորին հայտնել են, որ հայկական զինուժը հսկում է Վարդենիսի ուղղությամբ Հայաստանի սահմանը: Մյուս կողմից, դեռ հաքյտնի չէ՝ հանքը կաշխատի՞ ամբողջ ծավալով, ի՞նչ որոշում կկայացնի ռուս սեփականատերը:
 
Կասկածից վեր է, որ Սոթքի օրինակով արտակարգ իրավիճակներ դեռ կլինեն, քանի որ, ինչպես հայտնել են ԱԳՆ-ից ու ՊՆ-ից, սահմանազատման գործընթացը շարունակվելու է: Դրա բարդությունը միայն այն չէ, որ տեղի է ունենում թշնամի երկրների միջեւ: Մյուս պատճառն այն է, որ դեմարկացիա պետք է իրականացնեն խորհրդային սահմանագծման բարդ ժառանգություն ունեցող երկրներ: Իսկ ԽՍՀՄ տարիներին հանրապետությունների վարչատարածքային բաժանումը եղել է կամային եւ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, ստեղծելով անհրաժեշտության դեպքում կոնֆլիկտային օջախներ: Ոչ պակաս դեր է խաղացել նաեւ ստվերային կողմը, ինչպես օրինակ Հայաստանի պարագային, երբ մեր երկրի տարածքից մոտ 4000 քկմ տրվել է Բաքվին:
 
Այդպիսով, Հայաստանը դեռեւս անցնելու է չափազանց բարդ դեմարկացիոն գործընթացով: Սոթքի պարագան վկայեց, որ Հայաստանի կառավարման համակարգը եւ համապատասխան գերատեսչությունները պատրաստ չեն դրան, ավելին՝ տպավորություն է անգամ՝ կարծես մի կողմ են քաշված, ինչն էլ առաջացնում է հանրային դժգոհություն եւ տագնապ: Սոթքը պետք է լինի դաս ու ահազանգ՝ հաջորդ փուլերին պատրաստ լինելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը