Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ

30-11-2020 19:00:01   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:
 
Տիկին Հակոբյանն իր զորակցությունը հայտնեց հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը
կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինը իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»:
 
Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքը հայտնեցին վարչապետի տիկնոջը: Տիկին Հակոբյանը մայրերին հայտնեց, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:
 
Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ:
 
Հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 380 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար