Գոռ Գևորգյանը պատգամավորական գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր


Գոռ Գևորգյանը պատգամավորական գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր

  • 01-12-2020 13:15:06   | Հայաստան  |  Հասարակություն

 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում մասնավորապես ասվում է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են:
 
Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանդրությանն անվերապահորեն հետևելով:
 
Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին:
 
Միևնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով՝ որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը:
 
Ուզում եմ նաև ընդգծել, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով, կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին:
 
Այսուհետ ևս շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս:
Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին»:
Նոյյան տապան  -   Հասարակություն