Պետք է ամեն ինչ անել գերիների փոխանակման գործընթացն արագացնելու համար. Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը


Պետք է ամեն ինչ անել գերիների փոխանակման գործընթացն արագացնելու համար. Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

  • 02-12-2020 16:35:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ: 
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Շյուպը նշել է, որ ԿԽՄԿ-ի ու Հայաստանի միջև արդյունավետ երկխոսություն է հաստատվել: Նա նաև կարևորել է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությունը:
 
Քննարկվել են գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ պետք է ամեն ինչ անել այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
 
Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների ետ վերադարձնել նրանց:
 
Կողմերը անդրադարձել են նաև Արցախում հումանիտար իրավիճակին և ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն