Հուշագիր՝ ՀՀ ԱԱՏՄ եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ․ օրակարգում աշխատանքային իրավունքին եւ անվտանգությանն առնչվող հարցեր են


Հուշագիր՝ ՀՀ ԱԱՏՄ եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ․ օրակարգում աշխատանքային իրավունքին եւ անվտանգությանն առնչվող հարցեր են

  • 02-12-2020 17:18:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ կնքվել է հուշագիր, որը ստորագրել են ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը եւ բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
  Հուշագրի նպատակը երկուստեք վերապատրաստումների միջոցով մասնագիտական գիտելիքների բարելավումն է և կատարելագործումը։
 
  Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվում նախագծեր իրականացնել կողմերի գործունեությանը և մասնագիտացմանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի երկկողմ հետաքրքրության այլ ուղղություններով:
 
  ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ այս գործակցության համատեքստում շեշտադրվում է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ուղղությունը։ Վերջինս պետական վերահսկողական գործառույթներ իրականացնող տեսչական մարմնի կողմից եկող տարվա համար առաջնահերթորեն է կարեւորվում, քանի որ 2021-ի հուլիսի 1-ից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ գործառույթները զգալիորեն ընդլայնվում են։
 
  «Եկող տարին լինելու է աշխատանքային իրավունքի վերահսկողության բարելավման տարի։ Դրան են միտված այս ու մի շարք այլ նախաձեռնություններ։ Նախորդիվ արդեն օրենսդրական փոփոխություններ են կատարվել։ Փոփոխվել է ԱԱՏՄ կանոնադրությունը։ Այս համատեքստում մեր տեսուչների թիմի ուժեղացումը հստակ նպատակ է։ Իսկ համալսարանական գործընկերների աջակցությունը շատ կարեւոր է նաեւ մասնագետներ-աշխատաշուկա խզվածությունը փոքրացնելու առումով»,-ընդգծել է Ավագյանը։
 
  Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռումյանը, մեծապես կարեւորելով գործակցության այս ձեւաչափը, հույս է հայտնել, որ ԱԱՏՄ մասնագետների աջակցությամբ կարդիականացվեն ուսումնական նյութերը, իսկ բուհի պատրաստած կադրերը տեսչականում պրակտիկայի միջոցով աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխան կլինեն։ Միաժամանակ, տեսչականի մասնագետները վերապատրաստումներ կանցնեն բուհում համապատասխան դասընթացների միջոցով։
  Հանդիպմանը, մասնավորապես, կարեւորվել է նաեւ բուհի կողմից պատրաստվող ուսանողներին աշխատանքային անվտանգության վերաբերյալ մասնագիտական գիտելիքների փոխանցումը, գործարաններում ռիսկերի գնահատման կադրերի, ինչպես նաեւ արհմիությունների մասնագետների պատրաստումը, որպեսզի արհմիություններն առավել կենսունակ մարմին դառնան։
 
Հուշագրով ձեռք բերված պայմանավորվածություններին մեկնարկ կտրվի առաջիկայում։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն