Ու՞ր է գնում Վիտալի Բալասանյանը եւ ինչ է ստացվելու. քաղաքական ողբի հետեւանքը


Ու՞ր է գնում Վիտալի Բալասանյանը եւ ինչ է ստացվելու. քաղաքական ողբի հետեւանքը

  • 02-12-2020 18:35:08   | Հայաստան  |  Վերլուծություն

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր նաեւ Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությունից առաջ, սակայն հրաժարական ներկայացրեց եւ դարձավ ընդդիմություն, քննադատելով թե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, թե Արայիկ Հարությունյանի նախագահության հեռանկարը: Արայիկ Հարությունյանը այժմ Բալասանյանին նշանակել է ԱԽ քարտուղար: Դրա նախօրեին, Վիտալի Բալասանյանը կոչ էր արել հանուն պետականության մի կողմ դնել քաղաքական հայացքները, իսկ Արցախի նախագահին ու խորհրդարանի մեծամասնությանը ներկայացրել էր Ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու պահանջ:
 
«Ընտրելով համահայկական ողբի ճանապարհը, մենք կկորցնենք հայկական պետականությունը», այդ հայտարարության մեջ նշել էր գեներալ Վիտալի Բալասանյանը: Իրավացի արձանագրում է, որովհետեւ պարտությունը, մարդկանց եւ հայրենիքի կորուստը առանց այդ էլ ծանրագույն հարված է: Մարդկանց կորուստը պետք է սգալ, չի մնում անելու այլ բան, նրանց այլեւս հետ չես բերի: Հայրենիքի կորուստը պետք է չմոռանալ, բայց ողբալու փոխարեն պետք է աշխատել այն հետ բերելու համար: Ինչպես, երբ եւ այլն, կախված է իհարկե թե այդ աշխատանքից, թե նաեւ աշխարհքաղաքական իրողություններից: Հետեւաբար, պետք է պատրաստ լինել դրանց ամենատարբեր սցենարների: Բայց հնարավորությունների ու վտանգների շրջափուլերը գալիս են զուգորդված, ըստ այդմ պատրաստ լինողների համար ավարտվում հաղթանակով, անհամարժեք ու անպատրաստների համար՝ պարտությամբ եւ կորուստներով:
 
Ըստ այդմ, իսկապես, պետք չէ ողբալ, այլապես կորուստը լինելու է ամբողջ հայկական պետականությունը: Դժբախտաբար, Երեւանում օրինակ այժմ ողբի գեներացիայի փուլ է, ենթակա բացառապես արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների:
 
Միեւնույն ժամանակ, Վիտալի Բալասանյանն ինքը պատերազմից առաջ ողբի կողմում էր՝ քաղաքական ողբի՝ հանրությանը որքան հնարավոր է սարսափեցնել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ահավոր հետեւանքով, տարբեր դավադրություններով եւ արհավիրքի անխուսափելիությամբ:
 
Այսօր շատերը փորձում են դա ներկայացնել իբրեւ «կանխատեսում»: Բայց դա սեփական արդարացման համար է, որովհետեւ զգում են, որ դա իր ազդեցությունն է ունեցել իրադարձությունների ողբերգական զարգացման, դրա հանդեպ հանրային ու պետական անհամարժեքության հարցում:
 
Որովհետեւ Նիկոլ Փաշինյանին քաղաքական բովանդակությամբ, որակով ու գաղափարաբանությամբ ջախջախելու փոխարեն, ընտրվեց նրա իշխանության գալու առիթով «քաղաքական ողբի» մարտավարությունը, կամա, թե ակամա իրավիճակը բերելով ապագաղափարական, զուտ անձնական ճակատային բախման: Ասել, թե մեղավորը Փաշինյանն էր, որ բաժանեց սեւ-սպիտակի, եւս արդարացում է: Որովհետեւ Փաշինյանն իր սեւ-սպիտակով անշուշտ մեղավոր էր, բայց փորձառու գործիչները պետք է նրան մենակ թողնեին այդ սեւ-սպիտակի հետ, եւ մենակությունը շատ ավելի վաղ էր ի ցույց դնելու նոր իշխանության գաղափարական եւ հայեցակարգային սնանկությունը, քան անձնավորված առճակատման խորացումը:
 
Եթե Վիտալի Բալասանյանն այժմ դուրս է գալիս այդ տրամաբանությունից, դա միանգամայն ողջունելի է: Նա ուրեմն կլինի առաջինը, բայց ոչ թե ազգային համաձայնության արցախյան նախագծի շրջանակում նշանակվող առաջինը, այլ առաջինը, որ դուրս կգա «համահայկական «ռազբորկայի» ազգային համաձայնության մթնոլորտից»: Բայց, դեպի ու՞ր է գնում եւ ինչ է ստացվելու, այդ հարցը այժմ Բալասանյանի առաջ կանգնելու է ինչպես երբեւէ: Որովհետեւ ասված է՝ «առաջինները կդառնան վերջինը …»:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play