Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից

03-12-2020 13:10:41   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից:
 
«Հարգելի՛ քաղաքացիներ, 
 
Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։
 
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։
 
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք,
բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։
 
Մասնավորապես, իրավական պատասխանատվություն են առաջացնում քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերը։
 
Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես և կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն:
 
Հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
 
Ոստիկանությունը կրկին հաստատում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը և բոլոր քաղաքացիների իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը։
 
Դարձյալ կոչում ենք սթափության, օրինահարգության և ոստիկանության հետ համագործակցության՝ հանրային անդորրը պահպանելու գործում»,- ասված է հայտարարության մեջ։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 799 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար