ՀՀ ԱԳ նախարարը Բելգիայի փոխվարչապետին է ներկայացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված քայլերը


ՀՀ ԱԳ նախարարը Բելգիայի փոխվարչապետին է ներկայացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված քայլերը

  • 17-12-2020 15:30:46   | Հայաստան  |  Քաղաքական

 
Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ։
 
ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Որպես առաջնահերթություն ընդգծվել է առևտրատնտեսական, ներդրումային ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:
 
Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք ուղղված են նախևառաջ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը: Այս համատեքստում ԱԳ նախարարները առանձնահատուկ ընդգծել են միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ երկրների ուղիղ ներգրավվածության կարևորությունը:
 
Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական