Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը
18-12-2020 16:34:46 | Բելգիա | Քաղաքական
Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նիստին մասնակցող հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Խորհրդի նիստի օրակարգում ներառված էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական և ոլորտային երկխոսությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին, Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Գործընկերության խորհրդին անդրադարձ կատարվեց նաև COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանը և այդ ուղղությամբ ԵՄ կողմից Հայաստանի ջանքերին ցուցաբերվող աջակցությանը: