ՀՀ Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալների կոչը ժողովրդին
19-12-2020 13:36:09 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, Մենք՝ ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտագնավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին: Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով:
Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը: Այսօր, առավել քան պահանջված է Ազգ-Բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտոցումները: Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի:
Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը: