Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում ԿԳՄՍՆ-ում


Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում ԿԳՄՍՆ-ում

  • 24-12-2020 18:20:17   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում:
 
Շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորը և նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնա­դրամի կողմից իրականացված Ղևոնդ Ալիշանի գիտական, գրա­կան, պատմաաշխարհագրական ամբողջա­պես թվայնացված ժա­ռան­գու­թյունը:
 
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, գրականագետներ, հոգևորականներ, ոլորտի այլ մասնագետներ: Միջոցառմանը տեսակապով միացել էր նաև Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը:
 
Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և նախաձեռնողներին շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացման համար:
 
«Ուզում եմ ընդգծել, որ հոգևոր-մշակութային հագեցած կյանքն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր ժողովրդին: Շատ ենք կարևորում մշակութային գործունեությունը, որն ուղղված է ժողովրդի հոգևոր վերածննդին: Մենք իրավունք չունենք տուրք տալու անկումային տրամադրություններին»,- շեշտել է նախարարը՝ նշելով, որ մեծ պատիվ է շնորհանդեսին նաև Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ներկայությունը:
 
Հայր Վահանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասել է, որ թեև համավարակի պատճառով չի կարողացել գալ Հայաստան, բայց ուրախ է, որ գոնե առցանց ներկա է նմանօրինակ կարևոր աշխատության շնորհանդեսին: Փաստելով, որ գրքում կարելի է ծանոթանալ Ալիշանի կյանքի և գործունեության դրվագներին, ծայրագույն վարդապետը նաև համագործակցության շարունակականության հույս է հայտնել:
 
Ինչպես տեղեկացրել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, 2021 թ. սկզբին լույս կընծայվեն նաև Ղևոնդ Ալիշանի նամակների 2-րդ և 3-րդ հատորները:
 
«Այս կերպ մենք պահպանում, պաշտպանում և հանրահռչակում ենք մեր մշակութային ժառանգությունը, որը պետք է փոխանցենք սերունդներին: Գիտնականները պետք է աշխատեն, իսկ գերատեսչությունները ճանապարհ հարթեն նրանց գործունեության համար»,- ասել է Ն. Խաչատուրյանը:
 
«Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնա­դրամի աշխատակից Մերուժան Կարապետյանն էլ ներկայացրել է Ղևոնդ Ալիշանի՝ digilib.am կայքում թվայնացված գրական ժառանգությունը, որում տեղ է գտել հայագետի պատմաաշխարհագրական, գեղարվեստական, գիտական, դավանական գրականության հսկայական ժառանգությունը:
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ