Երևանում բացվել է նոր փոստային բաժանմունք


Երևանում բացվել է նոր փոստային բաժանմունք

  • 25-12-2020 18:40:55   | Հայաստան  |  Ակնարկներ

 
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում բնակիչներին սպասարկելու համար բացվեց «Հայփոստի» երկրորդ բաժանմունքը, որն ունի նոր փոստային դասիչ՝ 0058: Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 48 շենք, 76 տարածք հասցեում նոր բաժանմունքի բացումով Երևան քաղաքի փոստային բաժանմունքների թիվը դարձավ 93: Վերջին երկու տարիներին նոր փոստային դասիչով բաժանմունք Հայաստանում չէր բացվել:
 
    Նոր բաժանմունքի գործարկումը կնպաստի Դավիթաշեն թաղամասում սպասարկման որակի բարելավմանը:
    0058 բաժանմունքը «Հայփոստի» նոր ֆորմատի բաժանմունքներից առաջինն է: Այն ներառում է մի շարք նորարարություններ.
 
առաջին անգամ «Հայփոստի» բաժանմունքում կիրառվում է հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ.
առաջին անգամ կիրառվում է օնլայն հերթագրման Earlyone համակարգ.
առաջին անգամ «Հայփոստի» բաժանմունքում տեղադրվում է փոստամատ (Locker), որտեղից հաճախորդները կարող են ստանալ «Շոփինով» պատվիրված ծանրոցներն ու փաթեթները.
առաջին անգամ բաժանմունքում «Հայփոստը» սկսում է բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք:
    Մեկ նորարարություն ևս. Սինգապուրի փոստի օրինակով բաժանմունքում կլինի հանդերձարան, որտեղ մարդիկ կարող են փորձել փոստով պատվիրված իրերը:
 
Ինչպես նշում է ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետի ԺՊ Ծովինար Գալստյանը՝ «Դավիթաշեն վարչական շրջանում ունեինք մեկ բաժանմունք, սակայն հաշվի առնելով, որ Դավիթաշենն ունի մեծ բնակչություն, բացել ենք նաև երկրորդ բաժանմունքը, որը մեր ամբողջ ցանցում առաջինն է տեխնոլոգիական հագեցվածության առումով: Սա կկրի շարունակական բնույթ, նման բաժանմունքների թիվն առաջիկայում կավելանա»:
 
«Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Դավիթաշեն վարչական շրջանում բացված այս բաժանմունքն, ըստ էության, փոստային բաժանմունքի նոր ստանդարտ է սահմանում: Սա առաջին ծիծեռնակն է, մենք նախատեսում ենք նմանատիպ ժամանակակից տիպային բաժանմունքներ ունենալ ամբողջ Հայաստանում: Անշուշտ, դա միանգամից չի լինելու, քանի որ պահանջում է ֆինանսներ և ժամանակ, բայց ես վստահեցնում եմ, որ եկող տարում արդեն մեր քաղաքացիները կզգան, թե ինչպես է բարեփոխվում «Հայփոստը», ինչպես է լավանում սպասարկման որակը: Մեկ տարի անց մենք խոսելու ենք որակապես լրիվ այլ «Հայփոստի» մասին, միասին կառուցելու ենք բոլորիս երազանքի «Հայփոստը»»:
 
Նորաոճ 0058 բաժանմունքը կսպասարկի Դավիթաշենի առաջին և երկրորդ թաղամասերի բնակիչներին: Իսկ գործող 0054 բաժանմունքը կշարունակի սպասարկել Դավիթաշենի երրորդ և չորրորդ թաղամասերի բնակիչներին:
 
 
     «Հայփոստ» ՓԲԸ
 
 
 
«Հայփոստից», հայտնում են, որ միայն 2021 թ. հունվար ամսին Դավիթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի թոշակառուներն իրենց կենսաթոշակը կստանան 0054 բաժանմունքից:
Նոյյան տապան  -   Ակնարկներ