Այսօր երեկոյան Ճրագալույցի Պատարագ կմատուցվի. կանթեղներից վառված մոմերը կլուսավորեն հավատացյալների տները


Այսօր երեկոյան Ճրագալույցի Պատարագ կմատուցվի. կանթեղներից վառված մոմերը կլուսավորեն հավատացյալների տները

  • 05-01-2021 12:15:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց»-ը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է ճրագ, մոմ վառել: Հայ Եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին:
 
Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ Տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ Ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:
 
Եկեղեցական կյանքում նվիրագործված ավանդության համաձայն՝ նոր օրն սկսվում է տվյալ օրվա երեկոյից (սկսած ժամը 18.00-ից): Ահա այս պատճառով, համաձայն Հայոց Եկեղեցու հնավանդ կանոնների, տաղավար տոներից Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան իսկ՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
 
Սուրբ Ծննդյան նախորդ օրը՝ հունվարի 5-ին, Հայ եկեղեցում կատարվում է Ճրագալույցի հանդիսավոր արարողությունը: Հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով և «Ուրախացի՛ր, Սրբուհի՛» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը: Երեկոյան ժամերգությունից հետո ընթերցում են Սուրբ Գրքից հատվածներ: Ընթերցվում է Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի Ավետարանից (Ղուկաս 1.26-38), ինչպես նաև հատվածներ Ղուկասի (2.8-20) և Մատթեոսի Ավետարաններից (1.18-25): Բեմը վարագույրով ծածկված է լինում: Պատարագիչը բարձրանում է խորան և զգեստավորվում: Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Տիրոջ գալուստը վկայող մարգարեությունները: Երեկոյան կատարվող այս ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լույսի ներքո, խորհրդանշում են մարգարեների աղոտ ծագումը Արդարության Արեգակի հայտնվելուց առաջ: Եվ հինը խառնելով նորի հետ՝ տոնախմբում ենք գալիք օրվա հիշատակը: Ապա ընթերցվում են Դանիելի Մարգարեությունից հատվածներ, բացվում է Սուրբ Խորանի վարագույրը, և սկսվում է Սուրբ Պատարագի արարողությունը: Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի հիշատակը: Այն Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստությունն է: Սուրբ Գրիգոր Աստվածաբանի խոսքով՝ «Այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա մեծ լույսի ծագման: Ինչպես թագավորի գալստյան ավետիսը լսելով՝ նրան սիրողներն ուրախանում ու պատրաստություն են տեսնում կամ ջահերով ընդառաջ գնում նրան, նույնպես էլ մենք»:
 
Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան Աստղի լույսը, որը առավել է, քան արեգակը, քանզի ցերեկով էլ երևաց, որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուս: Ժողովրդական սովորույթի համաձայն՝ ճրագալույցի երեկոյան մարդիկ այցելում են միմյանց՝ տոնի ավետիսը փոխանցելու: Ճրագալույցի երեկոն կոչվում է նաև խթում, այն ուտիքի նախատոնակն է: Նախընտրելի է այդ օրվա ընթրիքը պատրաստված լինի ձկնեղենից, կաթնեղենից ու բանջարեղենից, բայց առանց մսի: Այդ օրը ո՛չ պահքի մեջ ենք, ո՛չ էլ՝ ուտիքի, այլ այդ երկուսի միջինի՝ նավակատիքի, որովհետև դեռ չի սկսվել բուն տոնը, այլ միայն՝ նախատոնակը, որը կատարվում է գիշերը, քանի որ, ըստ մարգարեության՝ լույս ծագեց կռապաշտության և անգիտության խավարում, որի պատճառով էլ այսուհետ խավարը տեղի է տալիս և բազմանում է լույսը՝ ըստ Եսայի Մարգարեի խոսքի. «Թագավորները գալու են դեպի Քո լույսը, հեթանոսները՝ դեպի Քո լույսի փայլը» (Եսայի 60.3): Իսկ մոգերն Աստղի լույսով առաջնորդվեցին՝ գալով դեպի ծագած Լույսը՝ ըստ այն խոսքի, թե «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթեոս 4.16):
 
Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մինչև հունվարի 13-ը կատարվում է նաև Սուրբ Ծննդյան տնօրհնեք:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play