Անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ


Անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ

  • 05-01-2021 14:05:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները։ Ակցիայի մասնակիցներից Կարինե Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որդուց արդեն 80 օր լուր չունի։ Ընդգծեց, որ եկել են ոչ թե բողոքի ցույցի, այլ ընթացիկ հարցերի քննարկման, անկախ նրանից, որ ոչ աշխատանքային օր է՝ խոստացել են ընդունել իրենց: 
 
«Գոնե մեզ թիվ ասեն, անուն ասեն, որ իմանանք գերիների մեջ փնտրենք, թե անտառներում»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ նշելով, որ տանը նստել չեն կարող, նման ակցիաների միջոցով անընդհատ զգոն են պահում ղեկավարությանը, գալիս են հույսի, լույսի ակնկալիքով։
 
Ակցիայի մասնակիցներից Ռոման Գևորգյանն էլ ասաց, որ կոնկրետ պայմանավորվածություն չունեն, բայց պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք պահանջում են որ հանդիպմանը ներկա լինի նաև Առողջապահության նախարարը՝ պարզաբանելու, թե ինչպես է ստացվել, որ հրապարակված նկարներով ծնողները ճանաչել են հիվանդանոցում գտնվող երեխային, բայց այսօր չեն գտնում։ 
 
Ակցիայի մասնակիցն ասաց, որ ՀՀ վարչապետը մեկ շաբաթ առաջ հանձնարարական էր տվել նաև Ազգային անվտանգությանը զբաղվել անհետ կորածների հարցով, բայց մինչև օրս նորություն չունեն։ Գևորգյանը հայտնեց, որ իրենց պահանջներից է նաև  գերիների տվյալների հրապարակումը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն