Արմեն Սարգսյանը որոշում է ընդունել


Արմեն Սարգսյանը որոշում է ընդունել

  • 11-01-2021 13:59:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ծրագրային հոդվածով, որով պատասխանատու հայտարարություններ է արել։ Նա ազդարարել է Երրորդ հանրապետության ավարտը եւ Չորրորդի սկիզբը։ Ընդ որում, որպես հիմնական նորարարություն է հայտարարվում Սփյուռքի եւ Հայաստանի «միացումը» եւ հայոց համայնքների ներուժի օգտագործումը։
 
«Դրա համար բավական է վերացնել Հայաստանի և հայկական համայնքների միջև արհեստականորեն ստեղծված բեռլինյան պատերը (որոնք առկա են Սահմանադրության մեջ եւ օրենքներում)», ասված է հոդվածում։
 
Ըստ երեւույթին, Սփյուռքը կօգնի մեզ նաեւ ճիշտ արտաքին քաղաքականություն կառուցել. «Այդպիսի օրինակներ կան, և այդ օրինակները լոկ հաստատում են, որ ճիշտ կառուցված քաղաքականության, դիվանագիտության և կառավարման դեպքում նույնիսկ բնական պաշարներից զուրկ ժողովուրդը ի վիճակի է հասնել շատ մեծ հաջողությունների»:
 
Հոդվածը հրապարակվել է ճիշտ այն օրը, երբ երկրի վարչապետը գրեթե թաքուն գնացել է Մոսկվա, որպեսզի Ալիեւի հետ ինչ-որ պայմանագիր ստորագրի։ Հանրապետության նախագահից, որը Լոնդոնում է եւ վարակվել է կորոնավիրուսով, մարդիկ ակնկալում էին սթափ գնահատական եւ կոչ Նիկոլ Փաշինյանին՝ չպայմանավորվել առանց խորհրդակցելու խորհրդարանի եւ նախագահի հետ։
 
Սակայն Արմեն Սարգսյանը, ըստ ամենայնի, դա համարում է անցյալ, Երրորդ հանրապետություն, որը ստեղծվել է Հայաստանի եւ Արցախի միացման գաղափարի վրա։ Այդ գաղափարը նախագահը մեռա՞ծ է համարում, առաջարկելով Հայաստանի եւ Սփյուռքի «միացում»։
 
Օրինակների հետևից հեռու գնալու անհրաժեշտություն չկա: 1994-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական: Գոյություն ուներ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու տակտիկա, որն ի սկզբանե դատապարտված էր, ասում է նախագահը։
 
Իսկ ինքը նախագահը առաջարկե՞լ է վերամիավորում կամ Արցախի անկախության ճանաչում։ Թե՞ խնդիրը հենց դա էր՝ թոթափել Արցախի հարցը որպես «Երրորդ հանրապետության» հիմք եւ անցնել նորին։
 
Հիմա, երբ Հայաստանի եւ Արցախի միավորման հիմքով հանրապետությունն անցյալում է, Արմեն Սարգսյանը պատրաստ է պատասխանատվությունն իր վրա վերցնել եւ կառուցել Չորրորդ հանրապետություն։
 
«Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության գլխավոր առաքելությունը ես տեսնում եմ երեք նպատակների իրականացման մեջ: … Որպես պետության գլուխ և Սահմանադրության հետևող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձևավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը և մեխանիզմները», ասվում է հոդվածում: 
 
Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն», գրել է Արմեն Սարգսյանը:
 
Ի՞նչ քայլեր է պատրաստվում անել նախագահը։ Կհայտարարի՞ անվստահություն կառավարությանը։ 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն