Խորհրդարանը քննարկել է ՊԵԿ որոշ աշխատակիցներին մարտական զենք կրելու թույլտվություն տվող օրինագիծը


Խորհրդարանը քննարկել է ՊԵԿ որոշ աշխատակիցներին մարտական զենք կրելու թույլտվություն տվող օրինագիծը

  • 18-01-2021 13:26:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը:
 
«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
 
«Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք»,- ասաց Գասպարյանը:
 
Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:
 
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը