Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել
20-01-2021 11:24:12 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում նախօրեին 5 ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զինվորականի աճյուն Ջաբրայիլի հատվածում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնությունը հայտնի չէ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Նա հայտնեց, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմից զգուշացրել են՝ այսօր թույլ չեն տալիս որողոնական աշխատանքներ իրականացնել, քանի որ իրենց մոտ հունվարի 20-ը սգո օր է (սև կամ արյունոտ հունվար):
Հ. Թադևոսյանի խոսքով, նաև եղանակային պայաններ են շատ անբարենպաստ, բայց որոնողական աշխատանքներ չիրականացնելու հիմնական պատճառը հենց ադրբեջանական կողմից թույլտվություն չստանալն է:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2020 թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ. հունվարի 18-ը հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1247 աճյուն: