ԱՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարներին


ԱՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարներին

  • 21-01-2021 18:52:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, Արթուր Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել հունվարի 21-ին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգի առաջին հարցը «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցն էր:
 
«Հանձնաժողովի անդամների միաձայն առաջարկությամբ «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցի քննարկումը հետաձգվեց՝ լրացուցիչ փաստաթղթերի ներկայցմամբ պայմանավորված:
 
Օրակարգի երկրորդ կետում ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:
 
Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 
Օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար:
 
Նախարարը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:
 
Հանձնաժողովը քննարկել և 6 կողմ ձայների համամասնությամբ նախագծին տվել է դրական եզրակացություն»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն