Զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարների մասին նախագիծն արժանացել է ԱՀ ԱԺ հանձնաժողովի հավանությանը
21-01-2021 20:22:34 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Այսօր տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Օրակարգի առաջին հարցը «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցն էր:
Հանձնաժողովի անդամների միաձայն առաջարկությամբ «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցի քննարկումը հետաձգվեց՝ լրացուցիչ փաստաթղթերի ներկայցմամբ պայմանավորված:
Օրակարգի երկրորդ կետում ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:
Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար:
Նախարարը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:
Հանձնաժողովը քննարկել և 6 կողմ ձայների համամասնությամբ նախագծին տվել է դրական եզրակացություն»:
ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին