Դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից


Դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից

  • 22-01-2021 14:04:52   | Հայաստան  |  Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները։
 
Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը:
 
 Այսպիսով, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վարույթից և կշարունակեն պաշտպանել մեղադրանքը:
 
Իրենց միջնորդություններում պաշտպանները փաստարկներ են ներկայացրել գլխավոր դատախազի և մյուս դատախազների անկողմնակալ չլինելու վերաբերյալ։
 
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին, ժամը 13:00-ին։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք