Սերժանտ Հովհաննիսյանի գործողությունների շնորհիվ հյուսիսային ուղղությամբ կասեցվել է հակառակորդի ճեղքումը. մերօրյա հերոսները


Սերժանտ Հովհաննիսյանի գործողությունների շնորհիվ հյուսիսային ուղղությամբ կասեցվել է հակառակորդի ճեղքումը. մերօրյա հերոսները

  • 23-01-2021 13:39:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Ճանաչենք մեր հերոսներին: ԱՀ ՊԲ-ն ռազմի դաշտից հերոսական դրվագներ է ներկայացրել:  
 
«Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյան. ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում:
 
Կապիտան Սարիբեկ Կիմայի Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Մհերի Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:
 
Ավագ լեյտենանտ Սամվել Վազգենի Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ, հակառակորդի մեկ տանկ էլ խոցվել է լեյտենանտ Վաչագան Գրիգորիի Տոնոյանի կողմից:
 
Սերժանտ Էրիկ Ռոմիկի Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը:
 
Շարքայիններ Անդրանիկ Դանիելի Դանիելյանն ու Արման Վարդանի Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:
 
Մայոր Դավիթ Տիգրանի Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, իրականացրել հակառակորդի հետախուզում ու հայտնաբերում, անձամբ կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, ինչպես նաև խոցվել հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ:
 
Բուժծառայության մայոր Մհեր Արմենի Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Էդուարդի Շահինյանը, ենթասպա Հասմիկ Քաջիկի Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Արայիկի Գնունյանը աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելու գործողություններով:
 
Հավերժ փառք մեր հերոսներին»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն