«Սփյուռքը փող տա, իսկ հրամանները ստանանք Մոսկվայից ու Անկարայից». Այդպես չի կարող շարունակվել


«Սփյուռքը փող տա, իսկ հրամանները ստանանք Մոսկվայից ու Անկարայից». Այդպես չի կարող շարունակվել

  • 25-01-2021 14:20:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում ու Արցախում ներքաղաքական «կայունությունը» շատ առումով կախված է այն բանից, արդյոք պատերազմից հետո իշխանության մնացած ուժը կկարողանա «փող գտնել»։ Խոսքը ինչպես Արցախի մնացած մասի վերականգնման համար միջոցների հայթայթման, այնպես էլ Հայաստանում «սոցիալական կայունության» ապահովման մասին է։
 
Պատերազմի օրերին Հայաստանը «Հայաստան» հիմնադրամի միջոցով ստացել է գրեթե 200 միլիոն դոլար։ Կարելի է հաշվել, թե որքան է հատկացվել մարդասիրական օգնության, ռազմական սարքավորումների, համազգեստավորման, բժշկական ու պարենային մթերքների տեսքով, քանի միլիոն եվրո ու դոլար է ստացվել բարեկամ երկրներից։ Դա օգնել է Հայաստանին ու Արցախին ոտքի վրա մնալ ու Արցախում կյանքը վերադարձնել համեմատաբար նորմալ հուն։
 
Սակայն մնացել են բազմաթիվ չլուծված խնդիրներ, պատերազմի մասնակիցներին, զինծառայողներին ու անշարժ գույքը կորցրած մարդկանց չվճարած գումարներ։ Ավերվել են տնտեսական ենթակառուցվածքները, եւ արցախյան տնտեսության ինքնաբավության վերականգնման համար ժամանակ է պետք։ Պետք են փողեր, եւ Արցախի ղեկավարությունը նորից օգնության է դիմել սփյուռքին։
 
Հունվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանին։ Հարությունյանն ընդգծել է, որ իմանալով հայկական սփյուռքի տրամադրությունների մասին, պայմանավորված պատերազմի հետեւանքներով, կուզենար բոլորի ուշադրությունը հրավիրել տասնյակ հազարավոր արցախցիներին աջակցելու անհրաժեշտության վրա, որոնք ուզում են իրենց ապագան կառուցել իրենց հայրենիքում։
 
Ի՞նչ տրամադրություններ են սփյուռքում եւ ինչու՞ է Հարությունյանը հիշել դրա մասին։ Դաշնակցական մամուլը Սինանյանի մասին գրում է որպես պաշտոնյայի, որին չեն ընդունում Սփյուռքում։ Հայկական սփյուռքի մի մասը, որն աջակցում է Դաշնակցությանը, չի ընդունում ոչ միայն Սինանյանին, այլ նաեւ Փաշինյանի ու Հարությունյանի կառավարությանը։ Նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը չի թաքցնում նաեւ սփյուռքի այն հատվածը, որը հարում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Ընդհանուր առմամբ, դատելով բաց աղբյուրներից, սփյուռքում Հայաստանի ու Արցախի ղեկավարությունը վստահություն չեն վայելում, հատկապես պատերազմի իրողությունների պայմաններում։
 
Նման պայմաններում ինչպե՞ս է կառուցվելու «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը», որի մասին խոսում են Արցախում։ Սփյուռքի օգնությունն այժմ գոյաբանական կարեւորություն ունի նախեւառաջ իշխանության համար՝ եթե նրանք գումար չգտնեն, ապա դժվար կլինի պահել կայունությունը, որովհետեւ սոցիալական մեծ պայթյուն կլինի։ Ռուսաստանը մտադիր չէ գումար ներարկել Հայաստանում, բոլոր հանգամանքներում։
 
Գործող իշխանությունն ընդունա՞կ է հայտարարել արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի ու ռուս-թուրքական աքցանից դուրս գալու մասին։ Թե՞ Արեւմուտքի հետ հարաբերությունները շարունակում են կառուցվել արատավոր սխեմայով՝ թող սփյուռքը փող տա, իսկ հրամանները կստանանք Մոսկվայից ու Անկարայից։
 
Պատերազմի ժամանակ Սփյուռքն առանց վարանելու միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել, բայց հիմա հարկ է սփյուռքի հետ նոր որակի հարաբերություններ կառուցել։ Օրինակ, բազմիցս խոսվել է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու, Համահայկական խորհրդարան ստեղծելու եւ պետական կառավարմանն արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին ներգրավելու մասին։ Բայց դրա համար իշխանությունը պետք է ունակ լինի ինքնիշխան որոշումներ կայացնելու՝ առանց ուրիշների նայելու եւ առաջնորդվելու միայն ազգային շահերով։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play