Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է. ԱԳՆ


Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է. ԱԳՆ

  • 26-01-2021 20:20:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 26-27-ը տարածաշրջանային այցի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
 
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։
 
 
ՀՀ ԱԳՆ-ն համառոտ տեղեկանք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ (2019-2020 թթ.)
 
Քաղաքական երկխոսություն
 
2019 թ․ փետրվարի 27-28-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով։ Այցի շրջանակներում ստորագրվել է երեք փաստաթուղթ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։
 
2019 թ. հուլիսի 2-ին Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի տասնվեցերորդ համատեղ նիստի մասին փոխըմբռնման հուշագիրը։
 
2019 թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Վերջինիս այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: 
 
Առևտրատնտեսական համագործակցություն
 
Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է։
 
2020 թ. ընթացքում, չնայած COVID-19 համավարակի տարածման բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով մեծացել է՝ կազմելով 2020թ. առաջին 10 ամիսների ընթացքում մոտ 74 մլն. ԱՄՆ դոլար (2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նույն ցուցանիշը կազմել է մոտ 71 մլն. ԱՄՆ դոլար):
 
Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները ունեն իրացման մեծ ծավալի ներուժ:
 
Էներգետիկ ոլորտում իրականացվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման ծրագիրը:
 
Շարունակվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև 2021թ․ վերջը։ Ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները։
 
Երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման առումով կարևոր է Իրանի հետ սահմանին ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտին (մեկնարկը տրվել է 2017 թ. դեկտեմբերին). ներկայումս առկա է ԱՏԳ-ն արդիականացնելու, ինչպես նաև մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտություն:
 
Ներկայումս Իրանի հետ քննարկվում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման գործընթացը։
 
Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր է «ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը»։
 
Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թ. հոկտեմբերի 27-ին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն