Քաղաքապետարանն Արկադի Համբարձումյանին չի թույլատրում ևս 3 տուն կառուցել


Քաղաքապետարանն Արկադի Համբարձումյանին չի թույլատրում ևս 3 տուն կառուցել

  • 26-01-2021 18:30:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) տևական ժամանակ է՝ դատական քաշքշուկների մեջ է Երևանի քաղաքապետարանի հետ՝ իր առանձնատան հարևանությամբ 3 նոր առանձնատուն կառուցելու խնդրով։ Բացի այդ, իրեն պատկանող հողամասում այգետնակ կառուցելու հարցով վարչական տույժի է ենթարկվել, ապա բողոքարկել է որոշումը, որն անվավեր է ճանաչվել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Անցյալ տարվանից էլ Համբարձումյանը դատական քաշքշուկների մեջ է «Լույսեր» ՓԲԸ-ի հետ, ինչի մասին բարձրաձայնել էին ընկերության ներկայացուցիչները։ Նրանք այժմ հայտարարում են, որ Համբարձումյանի կողմից տարածքի զավթում է եղել, որի հետևանքով իրենք չեն կարողանում մոտենալ շինհրապարակին։ 
 
Քաղաքապետարանը թույլ չի տալիս առանձնատներ կառուցել
 
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գագարինի 135/5 հասցեում Արկադի Համբարձումյանը ցանկանում է երեք նոր առանձնատուն  կառուցել՝ իր մեկ այլ առանձնատան հարևանությամբ։ Ըստ կադաստրի կոմիտեի տվյալների՝ հողամասը, որի վրա Համբարձումյանը ցանկանում է բնակելի տներ կառուցել, նրա անունով գրանցվել է 2018 թ. մարտին, մակերեսը 1540 քառակուսի մետր է։ Հողամասի գործառնական նշանակությունը խառը կառուցապատումն է։ Համբարձումյանի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը հայտնում է, որ դիմել են քաղաքապետարան՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու համար, սակայն պատասխան չեն ստացել, որոշել են դատարանի միջոցով պարտավորեցնել քաղաքապետարանին կատարել նախկին պատգամավորի պահանջները։ Երևանի քաղաքապետարանը «Լուրեր»-ի  հարցմանն ի պատասխան հայտնեց՝ 2019-ի փետրվարին Համբարձումյանը շինթույլտվության հայտ է ներկայացրել. «Քանի որ կարիք է առաջացել իրականացնել Յու. Գագարինի փողոցի դիտարկվող ու հարակից ընդհանուր տարածքի կառուցապատման կանոնակարգման խնդիրների քննարկում, դիմումատուին գրավոր տեղեկացվել է, որ հարցին կարող ենք անդրադառնալ նշված գործընթացի ավարտից հետո, և հարցին դրական ընթացք չի տրվել»,- նշել են քաղաքապետարանից՝ շեշտելով, որ այլ դիմումներ չեն մուտքագրվել, ու քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել։ 
 
Տուգանք՝ այգեգործական տնակ կառուցելու համար
 
Նույն փողոցի մեկ այլ հասցեում Համբարձումյանն իրեն պատկանող հողամասում կառուցել է այգեգործական տնակ, որը քաղաքապետարանը համարել է որպես ինքնակամ կառույց։ 2019-ին Համբարձումյանը նախ տուգանվել է 20000 դրամով, իսկ անցյալ տարվա ապրիլին քաղաքապետարանը Համբարձումյանին 2,5 միլիոն դրամով վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացրել՝ առանց թույլտվության քարե ինքնակամ շինություն կառուցելու համար։ Համբարձումյանը բողոքարկել է ակտը, վարչական դատարանը որոշել է բավարարել Համբարձումյանի հայցն ու անվավեր ճանաչել վերջինին տուգանելու որոշումները, քանի որ այդ որոշումը կայացվել է տնակի կառուցումն ավարտելուց հետո։ 
 
Համբարձումյանի փաստաբանը մեղադրում է քաղաքապետարանին
 
Արկադի Համբարձումյանի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը հայտարարում է՝ քաղաքապետարանն ուղղակի արհամարհել է շինթույլտվության դիմումն, ու իրենք, քաղաքապետարանից պատասխան չստանալով, դիմել են վարչական դատարան, որպեսզի պարտավորեցնեն քաղաքապետարանին գործողություն կատարել։ Մինչ օրս դատարանը հայցը վարույթ չի ընդունել, անհեթեթ պատճառաբանությամբ վերադարձրել է ու հիմա բողոքարկվել է վարչական վերաքննիչում, որ վարույթ ընդունեն։ «Քաղաքապետարան չկա, քաղաքապետարանը ուղղակի չի գործում։ Դիմումը կարող ես մուտքագրել, ու այդ դիմումդ անհետանա»,- ասում է փաստաբանը։ Նա բացատրում է՝ Համբարձումյանը սեփականությամբ իրեն պատկանող հողամասում փոքր հյուղակ է կառուցել, որը պիտի ծառայեր տնտեսական գործիքների պահման համար, սակայն քաղաքապետարանը տուգանել է։ Մարտիրոսյանը վստահեցնում է՝ շինարարական առանձին նախագծեր գտնվում են գործադիր իշխանության կամ քաղաքապետարանի հովանավորչության ներքո և այդ կառուցապատողները իրենց աշխատանքները քաղաքապետարանի հետ ավելի արագ են կազմակերպում. որպես օրինակ նա բերում է «Լույսեր» բնակելի համալիրը։ 
 
«Լույսերն» ու Արկադի Համբարձումյանը  
 
Անցյալ տարվա ապրիլին մամուլում հրապարակումներ եղան, որ Համբարձումյանը խոչընդոտում է իր առանձնատան կողքին բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին։ Խոսքը «Լույսեր» ՓԲԸ-ի բազմաբնակարան համալիր կառուցելու մասին էր, նախկին պատգամավորը պահանջում էր թաղամասը կառուցել այնպես, որ համալիրի պատուհանները դեպի իր առանձնատուն չուղղվեն, քանի որ այդ դեպքում կխախտվի իր անձնական կյանքի իրավունքը։ Բնակելի համալիրի շինարարական աշխատանք այժմ ընթացքի մեջ է, իսկ շինարարական նախագիծը որևէ փոփոխության չի ենթարկվել։
 
Արկադի Համբարձումյանն ու «Լույսերը» ներկայում դատական 7 առանձին վեճերի մեջ են։ «Լույսերը» հիմնվել է 2019 թվականին՝ 582 միլիոն դրամ կանոնադրական կապիտալով։  Ընկերության միակ մասնակիցը Երևանի բնակիչ Սարգիս Իսրայելյանն է։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ Իսրայելյանը նաև «Լայթ ընդ մոր» ՍՊԸ-ում  39 տոկոս բաժնեմաս ունի։ Այս ընկերությունը զբաղվում է լուսավորության միջոցների, շինարարական ու կենցաղային ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով։ 
 
«Լույսերի» ներկայացուցիչ Խաչիկ Սահակյանը «Լուրերին» ասաց՝  իրենց աշխատանքում որևէ քաղաքաշինական նորմի խախտում չկա. «Դատական ատյաններում դատերը շարունակվում են, որևէ լուծում դեռ չկա, որևէ խախտում ևս»,- ասաց նա։ «Լույսեր» ՓԲԸ-ն դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանին ու Հայաստանի ոստիկանապետին է դիմել նաև մեկ այլ խախտում վերացնելու համար: Ըստ այդ դիմումի՝ Արկադի Համբարձումյանը զավթել է իր առանձնատան հարակից տարածքը, տեղադրել ուղեփակոց, ինչը զրկում  է իրենց գույքին մոտենալու հնարավորությունից։ Ներկայում «Լույսեր»-ն իր շենքերի շինարարության վայր հասնելու համար գրունտային ճանապարհ է հիմնել, քանի որ մյուս ճանապարհն ուղղակի փակված է ուղեփակոցով: «Սխեման առավել մանրամասն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ զավթված տարածքի չափը հասնում է մինչև 5000-6000 քառակուսի մետրի, իսկ գույքի սեփականատիրոջ կողմից տեղադրված պարիսպը գտնվում է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողից դուրս՝ հանրային ճանապարհի վրա»,- նշված է այդ դիմումում, որին դեռ պատասխան չեն ստացել։ 
 
Արկադի Համբարձումյանը «Դերժավա-Ս» ՓԲԸ սեփականատերն է։ Ընկերությունը իր գործունեությունը սկսել է 1995 թվականից, սննդամթերք ներկրող խոշոր ձեռնարկություն է։ «Դերժավա-Ս» ընկերությանն են պատկանում Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան, «Հոմլենդ» պահածոների գործարանը, Երևանում KFC արագ սննդի ցանցը, Pizzu Hut պիցցերիան։ «Դերժավա-Ս»-ն հրուշակեղենի շուկայի խոշոր խաղացողներից է՝ ներմուծում է մի շարք հայտնի բրենդների ապրանքներ (Kinder, Ferrero Rocher, Raffaello, Haribo, Nutella և այլն)։ Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը Հայաստան է ներմուծում Audi, Bentley, Porsche մակնիշի մեքենաներ ու նրանց պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, նրան է պատկանում «Սլավմեդ» բժշկական կենտրոնն ու Dilijan Resort and SPA-ն։ 
 
Արկադի Համբարձումյանը 1996-1997 թվականին եղել է Երևանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ։ Պատգամավորական գործունեությունը սկսել է ՕԵԿ խմբակցությունից՝ 2003-ին, ապա դարձել ՀՀԿ խմբակցության պատգամավոր՝ մինչև 2018 թվականը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն