Եթե Ընտրական օրենսգիրքը փոխենք, հույս կա, որ կխուսափենք այդ սարսափելի սցենարից
17-03-2021 09:50:32 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող, վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախկին քարտուղար Դանիել Իոաննիսյանը
Խորհրդարանական ընդդիմությունը չի բացառում իշխանությունների հետ կոնսենսուս արտահերթ ընտրությունների շուրջ՝ պայմանով, որ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև հունիսի մեկը։ Այս սեղմ ժամկետներում հնարավոր կլինի՞ փոխել Ընտրական օրենսգիրքը և նոր ԸՕ-ով անցկացնել արտահերթ ընտրություններ։
Կհասցնենք, բայց սա խիստ անցանկալի ժամկետ է։ Ընտրություններն ավելի ցանկալի է անցկացնել աշնանը։ Ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել, այն է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի։ Չփոխված Ընտրական օրենսգրքով ընտրություն անելը վտանգավոր կլինի։ Ընտրությունները ափալ-թափալ չեն անում, առավել ևս առանց Ընտրական օրենսգրքի ընտրությունների անցկացումը խայտառակություն կլինի։
Ընտրական օրենսգրքի փոփոխությունը նաև որակակա՞ն փոփոխություն պետք է մտցնի ընտրությունների գործընթացում։
Իհարկե։ Գործող օրենսգիրքը խրախուսում է ռեսուրսային մրցակցությունը, առաջարկվող օրենսգիրքը շատ է իջեցնում ռեսուրսների ազդեցությունն ու էֆեկտը։
Առանցքային փոփոխությունները ռեյտինգային ընտրակարգի վերացման հե՞տ են կապված։
Առանցքային փոփոխությունները ոչ միայն ռեյտինգայինի հետ են կապված, եթե երկու բառով ասեմ, ապա ռեսուրսային մրցապայքարի տրամաբանությունից անցնում ենք գաղափարական ծրագրային մրցապայքարի տրամաբանության։
Այդ դեպքում ինչո՞ւ է շտապում խորհրդարական ընդդիմությունը։
Պետք է խորհրդարանական ընդդիմությանը հարցնել։
Եթե չփոխվի Ընտրական օրենսգիրքը, պատկերը նո՞ւյնն է լինելու։
Չգիտեմ՝ ինչ պատկեր կունենանք, բայց տխուր պատկեր կունենանք, որովհետև ով ռեսուրսներ ունի՝ վարչական, թաղային հեղինակությունների, մեդիա, ֆինանսական ռեսուրսներ, կհայտնվի խորհրդարանում, իսկ ով այդ ռեսուրսները չունի, չի հայտնվի խորհրդարանում։ Իսկ եթե Ընտրական օրենսգիրքը փոխենք, ապա հույս կա, որ այդ սարսափելի սցենարից հնարավոր կլինի խուսափել։ Ընտրական օրենսգրքից ակնկալիքները ավելի երկարաժամկետ պետք է լինեն։